- Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
- Վերլուծե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները: ըստ ձեզ ինչ փոխվեց հայ հասարակության կյանքում Բեռլինի վեհաժողովից հետո:
«Արևելյան հարց»
Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով:Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը:1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը:Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ: Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը: Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ:1922–23 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից: Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված:
«Հայկական հարց»
Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում (այժմ՝ Եշիլքյոյ՝ Ստամբուլի թաղամաս) կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում (Փարիզի մոտ) պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը
Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում: Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթում։ Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Ըստ պայմանագրի 16-րդ հոդվածի Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։25-րդ հոդվածն իրավունք էր տալիս
ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով
մնալու Հայաստանում: 27-րդ հոդվածով
թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:Այս ձևակերպումներում կային շատ անորոշություններ. ըստ 16-րդ հոդվածի՝ ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները: Նման ձևակերպումը ոչ թե կերաշխավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ, ինչը անշուշտ, ձեռնտու էր սուլթանին: Պարզ չէր, թե ռուսական զորքերը միայն 6 ամսում ինչպես պետք է ներազդեին բարեփոխումների իրագործման վրա, ինչ իրական երաշխիքներ կային ռուսներին աջակցած հայերի անվտանգության համար և այլն: Այդուհանդերձ, պայմանագիրը հայերի համար ուներ նաև դրական նշանակություն. նախ՝ Արևմտյան Հայաստանի մի զգալի հատված անցնում էր Ռուսաստանին: Երկրորդ՝ պայմանագրում «Հայաստան» անվան գործածումը ստիպում էր սուլթանական կառավարությանն առաջին անգամ դիվանագիտական մակարդակով ընդունելու, որ կայսրության կազմում, ի թիվս նվաճված այլ երկրների, գոյություն ունի նաև հայերի հայրենիք Հայաստանը, որտեղ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն կա: Եվ վերջապես՝ Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը:
Բեռլինի պայմանագիրը
1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա` ի վնաս հայերի:Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի` ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը:Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած` Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է:Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից: