Рубрика: Հայոց պատմություն

Հայաստանը Բագրատունիների ժամանակաշրջանում

Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: 

V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): 

IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): 

Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 

869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: 

Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 

908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: 

Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք:

Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: 

Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:

Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը: Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Рубрика: Հայոց պատմություն

Հայերը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին

1)Հայկական հարցը 1912-14թթ․

Հայկական հարցի վերաբացումը

Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` արևմտահայության դրության մեջ: Ընդհակառակը՝ վատթարացրեց այն:
1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն է առաջացնում հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա:
1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:
Հայկական հարցի վերաբացումից անհանգստացած՝ թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր: Դրանով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում:
Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը:
Հայկական բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ տերությունների վրա: Ռուսաստանը պետք է հետևեր դրանց իրագործմանը:

Հայկական բարենորոգումների խնդիրը և ռուս-թուրքական համաձայնագիրը

1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Նա իրականացնելու էր գործադիր իշխանությունը: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Առաջարկվում էր վերացնել «համիդիե» գնդերը: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները:
Ռուսական կողմի ներկայացրած բարենորոգումների ծրագիրը հանդիպում է հատկապես Գերմանիայի առարկությանը: Վերջինս ձգտում էր թույլ չտալ, որպեսզի Թուրքիայում ուժեղանան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքերը: Օսմանյան կառավարությունը, ստանալով գերմանացիների և ավստրիացիների աջակցությունը, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը ձախողելու միտումով զանազան խոչընդոտներ է հարուցում:
Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ:
1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը:
1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը պետք է կիրառվեր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը:
1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:

2)Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Կամավորական շարժում։ Կամավորական ջոկատների դերը կովկասյան ռազմաճակատում

Հայոց պատմության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները մի
առանձնահատուկ փուլ են կազմում: Մարդկային, նյութական և տարածքային ծանր կորուստների կողքին հայ ժողովրդին հաջողվեց այդ դժվարին ժամանակաշրջանի ավարտին վերականգնել անկախ պետականությունը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետություն:
Առաջին աշխարհամարտն սկսվել է 1914 թ. հուլիսի 19-ին: Պատերազմն իր բնույթով անարդարացի, ծավալապաշտական (իմպերիալիստական) էր, ոմանց համար գլխավոր նպատակն էր պահպանել, ոմանց համար էլ՝
փոփոխել հին աշխարհակարգը: Քողարկելով իրենց զավթողական ծրագրերը՝ տերություններից յուրաքանչյուրը հայտարարում էր, թե կռվում է «փոքր» ազգերի իրավունքների և հակառակորդի բռնակալ տիրապետությունից նրանց ազատագրելու համար. որպես օրինակ նշում էին սերբերին, հայերին, լեհերին, հրեաներին:

1914 թ. հուլիսի 28-ին երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսվեց մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը՝ Առաջին աշխարհամարտը: Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մասնավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմի մեջ ներքաշված երկրներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ: Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվը անցնում էր 50.000-ը:

Առաջին աշխարհամարտի հենց սկզբում ցարական կառավարությունը զորակոչին համընթաց թույլատրեց կազմակերպել ազգային կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական խմբերի կազմակերպման հարցը քննարկվեց 1914 թ. սեպտեմբերի 21-23-ը Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովում: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվեց ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներ ուներ ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում: Բացի այդ շարժմանը նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու-Յորքի և այլ քաղաքների հայկական կոմիտեները: Կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավեյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո Օհանջանյանը և այլն: Կամավորագրվելու ցանկություն արտահայտեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը. կամավորական շարժումը և Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու մղումը լայն թափ ստացան նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլուր:

Ազգային բյուրոյի պաշտոնական զեկուցագրում նշվում է. «Գործը չափազանց նոր է, և ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե հայ ժողովուրդը, որ դարերով ապրել է ստրկական վիճակում, կարող կլիներ երևան հանել մի այդպիսի մեծ ուժ, որ ինքնակամ կգնար նահատակվելու հայ ժողովրդի ազատագրության համար: Հազարներով էին վազում կամավոր գրվելու՝ ծեր, պատանի, առողջ և հիվանդ, զինավարժ և ոչ զինավարժ….մերժել անկարելի էր: Այս հանգամանքը ապացուցում է, թե հայ ժողովրդի հոգու ներսը որքան մեծ առաքինություններ են թաքնված»:

Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Սկզբնական շրջանում կազմակերպվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, որոնց հրամանատարներն էին Անդրանիկը (Օզանյան), Դրոն, Համազասպը (Սրվանձտյան), Քեռին (Արշակ Գավաֆյան): Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Վարդանը (Մեհրաբյան)), 6-րդ հնչակյան (հրամանատար՝ Գրիգոր Ավշարյան, որի զոհվելուց հետո 1915 թ. նրան փոխարինեց Հայկ Բժշկյան) և 7-րդ (հրամանատար՝ Հովսեփ Արղության) կամավորական ջոկատները: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո:

Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները:

Անդրանիկի ջոկատը ռուսական 4-րդ կորպուսի կազմում 1916 թ. հունվարի սկզբներին Վանից շարժվելով Մուշի, Բիթլիսի ուղղությամբ, համառ, արյունահեղ մարտեր մղեց թշնամու գերազանցող ուժերի դեմ և մասնակցեց բազմաթիվ հայկական գյուղերի, քաղաքների ազատագրմանը: Անգամ սաստիկ սառնամանիքը չխանգարեց ազատագրել Բիթլիսը, ինչը ռուսական հրամկազմը անհնարին էր համարում: 1915-1916 թթ. հայ կամավորականների անմիջական մասնակցությամբ ռուսական Կովկասյան բանակն ազատագրեց հայաթափված Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Վան, Բիթլիս, Բաբերդ, Երզնկա, Էրզրում:

Սակայն, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից, իսկ թուրք զորքերը, անցնելով հարձակման, վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։

Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից (հրամանատար Դրո) 1914-1916 թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական:

Ըստ իս, այս հայկական կամավորական ջոկատները մեծ ազդեցություն են ունեցել պատերազմի ընթացքի վրա: Նախևառաջ նրանք լավ տեղյակ էին Կովկասյան ճակատից, քաջ ծանոթ էին տեղանքին և այս առումով շատ օգտակար են եղել: Այս կամավորական ջոկատները փայլուն օրինակն են այն բանի, որ հայերը հարկ եղած դեպքում կարողանում են համախմբվել մեկ գաղափարի շուրջ և  պայքարել հանուն դրա իրագործման: Շատ հնարավոր է, որ մեր հետագա հերոսները հետևել են կամավորների օրինակին:

Рубрика: Հայոց պատմություն

Քաղաքական-գաղափարական կյանքը Եվրոպայում

1) Ժողովրդավարության հաստատման գործընթացը.

Ժողովրդավարությունը արդիականացման կարևորագույն դրսևորումներից մեկն է: Նրա գլխավոր բովանդակությունը հասարակության քաղաքական համակարգի արմատական փոփոխությունն է: Արդյունաբերական քաղաքակրթության բնորոշ կողմերն են.

1. Աշխատանքի և նրա արդյունքների նկատմամբ բացառիկ մեծ հարգանք: Աշխատանքը դիտվում է ոչ միայն որպես ապրելու սովորական միջոց, այլև բարձրագույն բարոյական արժեք և ծառայություն Աստծուն:

2. Բարձր և զարգացած սեփականության՝ կապիտալի առկայություն: Այն ստեղծվում է համառ աշխատանքի և ձեռներեցության արդյունքում:

3. Միասնական շուկան՝ տնտեսության գլխավոր լծակ և կարգավորիչ: Այն մշտապես ընդարձակվելու միտում ունի:

4. Հասարակության սոցիալական բարդ և զարգացած կառուցվածքի առկայություն: Հիմնական դասակարգեր են դառնում ձեռներեցները և բանվորները:

5. Զարգացած հասարակական-քաղաքական և մշակութային կյանք:

6. Հասարակության մեջ մարդկանց տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային և մյուս հարաբերությունների անկախացում իշխանությունից: Նախկին հպատակ-տեր հարաբերությունը վերանում է, հպատակին փոխարինելու է գալիս քաղաքացին: Արդյունքում առաջանում է քաղաքացիական հասարակություն:

7. Ժողովրդավարական, իրավական պետություն: Այդպիսի պետությունը, որը ստեղծվում է մարդկանց մասնակցությամբ և ընդհանուր համաձայնությամբ, կարգավորում է հասարակական կյանքն օրենքներով, ապահովում նրա կայուն կենսագործունեությունը:

2) Լուսավորական շարժումը:

XVII-XVIII դարերում սկսվեց արդիականացման մի նոր աշխարհայացք՝ լուսավորական գաղափարախոսությունը:

XVII դարում բարեփոխումների կարիք զգացող եվրոպական հասարակությանը հուզում էին պետության, քաղաքականության և մարդկանց իրավունքների հիմնախնդիրները: Այդ իսկ պատճառով առաջացավ մարդկանց բնական իրավունքի տեսությունը: Նոր ժամանակների սկզբին այդ տեսությունն առաջիններից մեկը փորձեց հիմնավորել հոլանդացի Հ. Գրոտիուսը (XVII դ.): Նա արդարացի էր համարում այն հասարակությունը, որի օրենքները բխում են բնությունից, այսինքն՝ բնական են և մարդու կամքից անկախ: Մարդկանց բնական իրավունքի տեսությունը հետագա զարգացում ապրեց: Այդ գործում մեծ դեր խաղաց անգլիացի Ջոն Լոկը (1632-1704): Նա «հասարակության բնական վիճակը» համարում էր ժողովրդի ինքնիշխանությունը։

Բնական իրավունքով զբաղվող առանձին մարդկանց գործունեությունը XVIII դ. դարձավ հզոր հասարակական շարժում: Ելնելով նոր գաղափարների բովանդակությունից՝ այն անվանեցին «Լուսավորության դար»: Նորովի իմաստավորվեցին գիտությունը, մշակույթը, քաղաքականությունը և տնտեսությունը: Ազգային առանձնահատկություններով հանդերձ՝ այն դարձավ համաեվրոպական հոգևոր երևույթ, որի կենտրոնը Ֆրանսիան էր:

Ֆրանսիայում լուսավորական շարժման նշանավոր գործիչներն էին Շ. Մոնտեսքյոն, Ֆ. Վոլտերը, Դ. Դիդրոն, Ժ.-ժ. Ռուսոն, Անգլիայում և Շոտլանդիայում՝ կոմս Շեֆտսբերին, Դ. Հյումը, Ա. Սմիթը, Իտալիայում՝ Պ. Վերրին, Զ. Բեկկարիան, Գերմանիայում՝ Յ. Հերդերը, Ի. Կանտը, Ֆ. Շիլերը, Ռուսաստանում՝ Մ. Լոմոնոսովը, Ն. Նովիկովը և այլք: Նրանք իմաստասերներ էին, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ և հասարակական գործիչներ:

Լուսավորական շարժման գլխավոր գաղափարներն էին.

1. Ավատատիրական կարգերի և նրա հասարակական կառույցների մերժումը:

2. Մարդկային բանականությունը հասարակական երևույթների բացատրման գլխավոր միջոցն է: Շրջանառության մեջ դրվեց «բանական ազգ» հասկացությունը:

3. Մարդկային հասարակությունը առաջադիմական զարգացում է:

4. Հասարակության առաջադիմության շարժիչ ուժերն են գիտությունը, կրթությունը, կատարյալ օրենքները, գաղափարները, արգելակիչ ուժը՝ կաթոլիկ եկեղեցին, կրոնական մոլեռանդությունը և տգիտությունը:

5. Մարդկանց և ազգերի բնական իրավունքների՝ կյանքի, ազատության և սեփականության ապահովում:

6. Իշխանության աղբյուրն ազգն է, պետությունը՝ հասարակական դաշինք, օրենքները՝ ընդհանուրի կամքի դրսևորում:

7. Սահմանադրական կարգի և քաղաքացիական հասարակության հաստատում: Բռնապետության և միապետության ժխտում, հանրապետության կամ սահմանադրական միապետության հաստատում:

8. Պետական բարձրագույն իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միմյանցից տարանջատում և անկախացում:

9. Աշխատանքը ժողովուրդների և մարդկանց հարստության գլխավոր միջոցն է:

Ինչպես տեսնում ենք, լուսավորականների գաղափարները համահունչ էին արդյունաբերական քաղաքակրթության բնորոշ կողմերին և բխում էին նրա էությունից:

3) Սահմանադրական կարգի հաստատումը:

Լուսավորական շարժումը մեծապես սրեց հասարակական միտքը, խթանեց գիտության և մշակույթի զարգացումը: Եվրոպայի և մյուս ժողովուրդների պատմությունը XVII-XIX դարերում ընթացավ լուսավորական գաղափարների դրոշի ներքո: Այդ բարդ գործընթացի գլխավոր արդյունքներից մեկը պետականության ազատական-սահմանադրական կարգի հաստատումն էր:

Գլխավոր գաղափարը քաղաքացու՝ որպես նոր մարդու ազատագրումն էր բռնապետությունից, արտաքին միջամտությունից, ինչպես նաև նրա մասնավոր ու գործարար կյանքի ապահովումը: Իսկ դա հնարավոր էր պետականության պայմանագրային համակարգի և ազգի ինքնիշխանության սկզբունքի հաստատման միջոցով: Հասարակական կառույցները (կուսակցություններ, կազմակերպություններ, մամուլ և այլն), և համընդհանուր ընտրական իրավունքը դրա գլխավոր միջոցներն են:

Ազատական-սահմանադրական կարգի հաստատման գործընթացը բոլոր երկրներում միանման չէր: Քաղաքական համակարգի արդիականացումը շուտ կատարվեց Նիդերլանդներում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Ազատագրվելով օտար տիրապետությունից՝ նրանց հարկ չեղավ հաղթահարելու հին պետական կարգերի դիմադրությունը:

Ազատական-սահմանադրական կարգերի հաստատումը դասական ընթացք ունեցավ Անգլիայում և Ֆրանսիայում: Հեղափոխությունների արդյունքում Անգլիան տվեց սահմանադրական-միապետության օրինակ, Ֆրանսիան՝ հանրապետության:

Սահմանադրական կարգերի հաստատումը երկարատև և դժվարին եղավ այն երկրներում, որտեղ դեռ միջնադարից պահպանվել էին միապետական կարգի ավանդույթներ, դասային ամուր կառուցվածք և կրոնի մեծ ազդեցություն: Այդպիսի երկրներից էին Իսպանիան, Ավստրո-Հունգարիան, Ռուսաստանը և այլն: Ռուսաստանը սահմանադրական կարգի հաստատման փորձ կատարեց միայն XX դարի սկզբին:

Սահմանադրությունները հիմնականում ստեղծվում էին ազգային-ազատագրական պատերազմների և հեղափոխությունների արդյունքում: Այդպես եղավ Իտալիայում, Գերմանիայում, Բալկաններում:

4) Ազատականություն.

XIX դարի գլխավոր գաղափարական-քաղաքական հոսանքներից մեկն ազատականությունն է: Այն սկիզբ է առել մարդու բնական իրավունքի տեսությունից և լուսավորական շարժումից: Առաջին անգամ ազատական հասկացությունը օգտագործվել է Իսպանիայի՝ 1810 թ. ընտրված խորհրդարանում: Այնուհետև այն տարածվեց Եվրոպայի մյուս երկրներում: Ազատականությունը ելնում է լուսավորականների այն հիմնական գաղափարից, համաձայն որի՝ մարդկային հասարակությունը զարգանում է դեպի կատարյալը: Ազատականների համոզմամբ՝ մարդու գիտելիքները, բարեկեցությունը և բարոյական արժեքները հետզհետե առաջընթաց են ապրում: Ազատական պետության խնդիրն է ապահովել պայմաններ անհատի ընդունակությունների զարգացման, ինչպես նաև ազատ գործունեության համար՝ ի շահ մարդու և հասարակության: Պետության մյուս խնդիրը մարդկանց ստեղծած սեփականության և բարիքի պաշտպանությունն է: Այսինքն՝ ազատականները դրանով իսկ փորձում էին գտնել անհատի և հասարակության շահերի ներդաշնակեցման ուղիները: Իսկ այդպիսի զարգացման խոչընդոտներ են միապետի կամայականությունները, կրոնական անհանդուրժողականությունը և այլն: XIX դարի վերջերին հանդես եկան նորազատականները: Ժողովրդավարության հաստատումն առաջավոր երկրներում առաջ բերեց նոր խնդիրներ: Եթե նախկինում ազատականները պնդում էին, թե պետության դերը մարդկանց ազատ գործունեության նկատմամբ պետք է սահմանափակել, ապա նորազատականները համոզված էին, որ պետք է մեծացնել պետության կարգավորիչ իրավունքները: Այսինքն՝ պետությունը պետք է դառնա քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային բարեփոխումների նախաձեռնող և իրագործող: Ազատականների մեջ կային տարաձայնություններ: Նրանց մի մասը մերձեցավ ձախ ուժերին (օրինակ՝ Ֆրանսիայում), մյուսները՝ ազգայնականներին և աջ ուժերին (օրինակ՝ Գերմանիայում):

5) Պահպանողականություն.

Պահպանողականությունը քաղաքական գաղափարախոսություն է, որն առաջացել է որպես XVII-XVIII դարերի հեղափոխությունների և լուսավորականության հակազդեցություն: Պահպանողականները համոզված էին, որ հասարակության արմատական և արագ փոփոխությունները վնասում են ազգային դարավոր արժեքներին: Սրբացնելով ազգային արժեքները՝ կրոնը, մշակույթը, սովորույթները, պետական կարգը և այլն, պահպանողականները իրենց գլխավոր խնդիրը համարում էին դրանց պահպանումը: Այստեղից էլ բխում է նրանց բացասական վերաբերմունքը բարեփոխումների նկատմամբ: Պահպանողականները դարավոր արժեքներից մեկը համարում էին միապետությունը: XIX դ. առաջին տասնամյակներին մեծ հեղափոխության արդյունքում ստեղծված սահմանադրական կարգերը որակվեցին անօրինական, հին կարգերը՝ օրինական: Օրինական կարգի խախտման պատճառ էր համարվում Աստծո նկատմամբ հավատի սասանումը: Ահա թե ինչու պահպանողականներից մեկը հեղափոխությունն անվանեց «սատանայի գործ»: Ուստի և կոչ էր արվում ապավինելու եվրոպացիների դարավոր կրոնին՝ կաթոլիկությանը և նրա ղեկավար Հռոմի պապին: Եվրոպայում պահպանողականության հայրենիքը Անգլիան էր: Այս երկրում պահպանողական գաղափարները ձևավորվեցին ընտրական բարեփոխումների շուրջ պայքարում: XIX դ. 50-70-ական թվականներին թորի կուսակցությունն ավելի կազմակերպվեց, ստացավ պահպանողական անվանումը, որը և տարածվեց եվրոպական շատ երկրներում: Այս նոր պահպանողականությունը, ի տարբերություն հնի, ստիպված եղավ ճանաչել արդյունաբերական հասարակության նոր իրողությունները: Երբեմն կազմելով կառավարություն՝ նրանք կատարում էին բարեփոխումներ՝ փորձելով դրանք լավագույնս համատեղել ավանդական արժեքների հետ: Իսկ այն երկրներում, որտեղ պահպանողականությունը մնացել էր ավանդապաշտության մակարդակում, տեղի ունեցան հեղափոխական ցնցումներ: 1905-1907 թթ. առաջին ռուսական հեղափոխությունը դրա վառ օրինակն է:

6) Ազգայնականություն.

Արդյունաբերական քաղաքակրթությունն ազգերի զարգացումը հասցրեց մի նոր մակարդակի, որում հայրենիքի, լեզվի, մշակույթի և մյուս ընդհանրությունների գիտակցումն ու իմաստավորումը ձեռք բերեցին նոր որակներ: Այս իրավիճակում առաջանում են հայրենի բնօրրանում ազգի տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային համախմբման և ազատագրման գաղափարախոսություններ, որը անվանում են ազգայնականություն: Նրա գլխավոր կարգախոսներն էին՝ «Ազգը վեր է ամեն ինչից», «Մեկ ազգ, մեկ պետություն» և այլն: Այս առումով նորօրյա ազգայնականության առաջացման հզոր խթաններ դարձան լուսավորական շարժումը և ֆրանսիական հեղափոխությունը: 1792 թ. Ավստրիայի դեմ պատերազմում Ֆրանսիայի Օրենսդիր ժողովն օրենք ընդունեց. «Հայրենիքը վտանգի մեջ է»: Ֆրանսիացիներն աշխարհին տվեցին հայրենասիրության բացառիկ օրինակ: Նապոլեոնի դարաշրջանում վերելք ապրող Ֆրանսիայի դեմ ազատագրական պայքարը եվրոպական ազգերի մոտ նոր մակարդակի բարձրացրեց հայրենիքի նկատմամբ սերը: XIX դարում ազգայնականության դրոշի ներքո տեղի ունեցան ազգերի քաղաքական համախմբում և ազգային նոր պետությունների ստեղծում: Դրա բնորոշ օրինակը Գերմանական կայսրության (1871 թ.) և Իտալական թագավորության (1861 թ.) ստեղծումն էր: Ազգայնական գաղափարների դրոշի ներքո ընթացավ նաև Հունաստանի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և մյուսների անկախացումն օսմանյան լծից: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ազգայնական առաջադիմական շարժումը մեծ տերություններում այլասերվեց և վերածվեց հետադիմական ազգայնամոլության: Դրա դրսևորումներից մեկը մեծապետական շովինիզմն էր, որը նպատակ ուներ ձուլելու հպատակ ազգերին: Այդպիսիք էին Ավստրո-Հունգարիան, Գերմանիան, Ռուսաստանը և Օսմանյան տերությունը: Հենց այդ քաղաքականության հետևանքն էր ցեղասպանությունը:

Рубрика: Հայոց պատմություն

19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի մշակութային վերելքը

1) Հայ մշակույթի վերելքի նախադրյալները:

XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբներին արդյունաբերական հասարակության քաղաքակրթական նվաճումների հետ անմիջական շփումը, դրանց մի մասի յուրացումն ու համադրումը ազգային ավանդական արժեհամակարգի հետ ապահովեցին հայ մշակույթի առաջընթացը բուն Հայաստանում և մերձավոր հայաբնակ շրջաններում ու հայկական գաղթավայրերում: Եվրոպայի հեղափոխական գաղափարներն ու շարժումները, գիտության, տեխնիկայի ու արվեստի զարգացման արդյունքներն արևելահայ ու արևմտահայ մշակույթի վերելքի կարևոր նախադրյալներ էին:

Ռուսաստանում արդյունաբերական հասարակության ձևավորումն ու զարգացումը, ռուսական հզոր գրականությունն ու արվեստը էական ազդեցություն ունեցան արևելահայության մշակութային առաջընթացի վրա: XIX դ. երկրորդ կեսին մշակութային կյանքում նախաձեռնությունն անցնում է
եվրոպական կրթություն ստացած երիտասարդ մտավորականությանը, որը բերում է նոր աշխարհընկալում և տարածում առաջադիմական գաղափարներ: Հայ գաղթավայրերը ևս մշակութային կարևոր կենտրոններ էին: Մեծ դեր կատարեցին Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության գործիչները: Մշակութային կյանքի վերելքին նպաստեց հայ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Հայկական առաջին քաղաքական կազմակերպություններն իրենց կարևոր խնդիրն էին համարում ժողովրդին առաջադիմական գաղափարներով կրթելը:


2) Կրթական համակարգը:

XIX դ. երկրորդ կեսից կրթական համակարգը վերելք է ապրում Արևելյան Հայաստանում՝ չնայած ցարական վարչակարգի հարուցած դժվարություններին: Կարևոր նորություն էր աշխարհիկ կրթության ծավալումը. ներդրվեցին ուսուցման առաջադիմական մեթոդներ, աշխարհականացվեցին դասավանդվող առարկաները: Արևելահայությունն ուներ երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր: Աստիճանաբար աճեց պետական դպրոցների թիվը: Դրանց շարքում աչքի ընկան Երևանի գավառային և Հռիփսիմյան իգական գիմնազիաները: Կարևոր դեր ուներ նաև Երևանի ուսուցչական սեմինարիան:

Ժողովրդին կրթելու հիմնական հաստատություն դարձավ եկեղեցական-ծխական տարրական դպրոցը: Այստեղ
դասավանդում էին կրոն, հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, նաև տրվում էին նախնական գիտելիքներ աշխարհագրությունից, բնագիտությունից, պատմությունից: Հայկական գրեթե բոլոր բնակավայրերում բացվեցին տարրական դպրոցներ։


Բացվեցին նաև իգական դպրոցներ, որոնք կյանքի կոչելու գործում մեծ է Պերճ Պռոշյանի ավանդը: Նրա անմիջական ջանքերով 1864 թ. Շուշիում և 1866 թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Այսպիսի դպրոցներ բացվեցին նաև Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում: Արևելահայ կրթական համակարգում մեծ նշանակություն ձեռք բերեց 1874 թ. կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ էջմիածնում բացված հոգևոր ճեմարանը: Թեև ճեմարանի գլխավոր խնդիրը հոգևորականներ պատրաստելն
էր, այն դարձավ հայագիտական խոշոր
կենտրոն, որտեղ կրթություն են ստացել և դասավանդել XIX դ. երկրորդ կեսի և XX դարասկզբի հայ մշակույթի, գիտության և ազգային ու հասարակական բազմաթիվ նշանավոր գործիչներ: Իրենց բեղմնավոր գործունեությունն էին շարունակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը,
Մոսկվայի Լազարյան ճեմարանը:


Արդեն 1914-1915 ուսումնական տարում Այսրկովկասում կար 400 հայկական
եկեղեցական դպրոց՝ 31 հազարից ավելի աշակերտով: Օսմանյան կայսրության կազմում ապրող արևմտահայությունը կրթության ոլորտում հաստատուն քայլեր էր կատարում: 1857 թ. Վարագա վանքում
Մկրտիչ Խրիմյանը բացեց Ժառանգավորաց վարժարանը: Արևմտյան Հայաստանում հատկապես կարևորվում էր ուսուցիչներ պատրաստող դպրոցների բացումը: 1878 թ. աշնանը Վանում հիմնվեց «Վարժապետանոցը», որի տեսուչն էր Մ. Փորթուգալյանը:


Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881 թ. բացված Սանասարյան միջնակարգ վարժարանն էր: Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում՝ Լայպցիգի համալսարանում: 1889 թ. Կ. Պոլսի մերձակա Արմաշի վանքում բացվեց դպրեվանք՝ բարձրագույն հոգևոր ուսումնական հաստատություն։ Արդեն XX դ. սկզբին Արևմտյան Հայաստանում կար 800 հայկական դպրոց՝ 82 հազար աշակերտով: Հայկական գաղթավայրերում գործում էին բազմաթիվ նշանավոր ուսումնական հաստատություններ, որոնցից աչքի էր ընկնում 1870 թ. Վենետիկի Ռափայելյան ու Փարիզի Մուրադյան վարժարանների
միավորմամբ ստեղծված Մուրադ-Ռափայելյան վարժարանը: Հայկական մշակույթը պահպանեց իր ինքնատիպությունն ու միասնությունը, կարևոր դեր խաղաց ազգային համախմբման և ժողովրդի մեջ առաջադիմական գաղափարների տարածման գործում:

Рубрика: Հայոց պատմություն

ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը

1) «Լոռու չեզոք գոտու» և Ջավախքի հիմնախնդիրը.

Հայաստանի առաջին հանրապետությունից խորհրդային հանրապետությանը փոխանցվեց հարևան չորս երկրներից երեքի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ տարածքային-սահմանային չլուծված խնդիրների «ժառանգությունը»: Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ քեմալական զորքերի՝ Լոռի ներխուժելու վտանգը վերացել էր, Հայհեղկոմը Վրաստանի իշխանություններից պարբերաբար պահանջում էր վրացական զորքերը դուրս բերել չեզոք գոտուց, սակայն ապարդյուն: Ավելին՝ վրացական կողմը ձգտում էր Լոռին բռնակցելու Վրաստանին: Խնդիրը հայտնվեց Խորհրդային Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Վերջինիս համար հրատապ էր դարձել նաև Վրաստանի խորհրդայնացման իրականացումը: Այդ գործողության սկիզբ դարձավ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի և ՀՍԽՀ իշխանությունների կողմից Լոռիում վրացական ռազմակալման դեմ կազմակերպված ապստամբությունը: Ապստամբությունը սկսվեց 1921 թ. փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը: Շուտով ապստամբներին օգնության հասան հայկական և ռուսական 11-րդ Կարմիր բանակների հեծելազորային գումարտակները: Եռօրյա համառ մարտերից հետո չեզոք գոտին ազատագրվեց: Այնուհետև Ռուսաստանը շարունակեց վճռական գործողությունները Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով: 1921 թ. փետրվարի 25-ին Կարմիր բանակի զորամասերը մտան Թիֆլիս, իսկ մինչև մարտի կեսերը խորհրդային կարգեր հաստատվեցին Վրաստանի մնացած տարածքում: Հայ-վրացական մեկ այլ տարածքային խնդիր էր հայկական Ջավախքի հարցը: 1921 թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին Ախալքալաքի գավառը ենթարկվեց քեմալական Թուրքիայի հարձակմանը: Նրանց նկատմամբ շարունակվում էր նաև վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը: Ստեղծված պայմաններում հայությունը պայքար ծավալեց ՀՍԽՀ-ին միանալու համար: 1921 թ. հունիսի 25-27-ը Թիֆլիսում հրավիրված Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանները որոշելու հանձնաժողովի նիստում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ա. Բեկզադյանն առաջարկեց ՀԽՍՀ-ին միացնել Լոռին, Լեռնային Ղարաբաղը և Ախալքալաքի գավառը: Առաջարկը, սակայն, կտրականապես մերժվեց հանձնաժողովի ադրբեջանցի և վրացի ներկայացուցիչների կողմից: Վրաց-ադրբեջանական հակահայկական դաշինքին աջակցում էր նաև հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի ներկայացուցիչ Ս. Կիրովը: Նման իրավիճակում Բեկզադյանը հրաժարվեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունից և պահանջեց վիճելի բոլոր հարցերը փոխանցել կովկասյան բյուրոյի պլենումի քննարկմանը: Հայ-վրացական սահմանազատման մասին վերջնական համաձայնագիրը ստորագրվեց 1921 թ. նոյեմբերի 6-ին Թիֆլիսում Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Ա. Մյասնիկյանի և Վրաստանի հեղկոմի նախագահ Պ. Մդիվանու կողմից: Լոռին, բացառությամբ Հյուսիսային Լոռու հայկական մի խումբ գյուղերի (Աղ-Քյորփի, Օփրեթ, Խոժոռնի և այլն), մնում էր Խորհրդային Հայաստանին: Ջավախքն անցնում էր Վրաստանին: Հետագայում հայկական կողմը փորձեց հասնել Վրաստանի կազմում Ջավախքի և Հյուսիսային Լոռու համար ինքնավարության, սակայն հաջողություն չունեցավ:

2) Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը.

Տարածքային հարցերում առավել խոր հակասություններ գոյություն ունեին հայ-ադրբեջանական հարաբերություններում: Հայաստանի խորհրդայնացման կապակցությամբ Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը 1920 թ. նոյեմբերի 30-ին հանդես էր եկել «Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի Հանրապետության մաս ճանաչելու» հայտարարությամբ: Սակայն Ադրբեջանը հետագայում ոչ միայն հրաժարվեց իր իսկ որոշումից, այլև գործի դրեց հնարավոր բոլոր միջոցները հայկական երկրամասերն Ադրբեջանին բռնակցելու համար: Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրը պահպանում էր իր ինքնուրույնությունը: Թերահավատորեն վերաբերվելով Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի վերը նշված որոշմանը՝ 1920 թ. դեկտեմբերի 25-ին Սյունիքի Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան առաջին համագումարը երկրամասը հռչակեց «Ինքնավար Սյունիք»: Սյունիքի սպարապետ նշանակվեց երկրամասի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար Գարեգին Նժդեհը: Փետրվարյան ապստամբությունը ճնշելուց հետո Կարմիր բանակը, շարունակելով ապստամբների հետապնդումը, ընդհուպ մոտենում է Սիսիանի ու Գորիսի սահմաններին: Կարմիր զորամասերին հաջողվում է ճնշել Նժդեհի զինակից Թևանի (Ստեփանյան) գլխավորած ապստամբությունը Ղարաբաղում: Թևանի ջոկատը նահանջում է դեպի Զանգեզուր, իսկ Արցախում հաստատվում է խորհրդային իշխանություն: Այսպիսով՝ 1921 թ. գարնան և ամռան ամիսներին Զանգեզուրը մնացել էր անկախության միակ կղզյակն Այսրկովկասում և իր վրա էր սևեռել բոլշևիկների ուշադրությունը:

Տաթևումհրավիրված համազանգեզուրյան 2-րդ համագումարը 1921 թ. ապրիլի 27-ին Ինքնավար Սյունիքը հռչակում է «Լեռնահայաստան»: Վարչապետ է ընտրվում Գ. Նժդեհը: Վերջինս պարգևատրվում է «Խուստուփյան արծիվ» շքանշանով: Շատ չանցած՝ հունիսի 1-ին, Լեռնահայաստանը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն. ՀՍԽՀ կառավարությունը հունիսի 13-ին պայքարը դադարեցնելու և խորհրդայնացումն ընդունելու հերթական կոչն է ուղղում Զանգեզուրի կառավարությանը, սակայն զանգեզուրցիները մերժում են: Կարմիր բանակը հարձակման է անցնում Զանգեզուրի վրա երկու ուղղությամբ. արևմուտքից՝ Կարմիր բանակի Երևանյան զորախմբի, արևելքից՝ Ադրբեջանում տեղակայված խորհրդային բանակի ուժերով: Հունիսի 30-ին խորհրդային զորքերը մտնում են Սիսիան: Վերջինիս անկումից հետո Նժդեհը որոշում է դադարեցնել պայքարը և Գորիսից նահանջում է դեպի Կապան։ Կարմիր բանակի զորամասերը հուլիսի 13-ին մտնում են Մեղրի՝ դրանով ավարտին հասցնելով Զանգեզուրի խորհրդայնացումը: Նժդեհը թողնում է ՀՍԽՀ սահմանները և իր կողմնակիցների ու հազարավոր փախստականների հետ անցնում է Արաքսի աջ ափը:

Նժդեհը զգուշացնում է, որ ինքն ընդմիշտ չի հեռանում Լեռնահայաստանից, այլ կվերադառնա, եթե «Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի հողի վրա ոտք դնողը»: Այսպիսով՝ զանգեզուրցիների՝ Գարեգին Նժդեհի գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ երկրամասը մնաց ՀՍԽՀ անբաժան մասը: Քանի դեռ Զանգեզուրն անկախ էր, Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես լուծվում էր Խորհրդային Հայաստանի օգտին: ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի հունիսի 3-ի որոշման համաձայն՝ ՀՍԽՀ Ժողկոմխորհը 1921 թ. հունիսի 12-ին հրապարակեց Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելության մասին հայտարարություն: Այս քայլը առաջ բերեց ադրբեջանցիների կատաղի դիմադրությունը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվում է ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի հուլիսյան պլենումում: Առանց հարցը քվեարկության դնելու՝ պլենումը որոշում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին՝ «նրան տալով մարզային լայն ինքնավարություն»: Որոշումը «հիմնավորվում էր» Ադրբեջանի հետ երկրամասի տնտեսական կապով: Այսպիսով՝ կովկասյան բյուրոյի պլենումի հուլիսի 5-ի ոչ օրինական որոշումով խախտվեց միջազգային իրավունքի հիմնարար՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, անտեսվեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ 95 տոկոսը կազմող հայ բնակչության կամքը և Խորհրդային Հայաստանի շահերը: Երկու տարվա համառ դիմադրությունից հետո Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին 1923 թ. հուլիսի 7-ի որոշումով Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավար մարզի կարգավիճակ: Դրա շնորհիվ էր նաև, որ արցախահայությունը խորհրդային տարիներին դիմակայեց Ադրբեջանի վարած ազգային խտրականության քաղաքականությանը: Ի տարբերություն Զանգեզուրի և Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո Նախիջևանում ստեղծված դրությունը նպաստավոր չէր հայկական կողմի համար: Նախիջևանը շարունակում էր ողողված մնալ թուրք-թաթարական (ադրբեջանական) գործակալներով, որոնք ծավալել էին հակահայկական գործունեություն և ձգտում էին երկրամասն ամբողջությամբ անջատելու Խորհրդային Հայաստանից:

3) Հանրապետության արտաքին կապերը.

Խորհրդայնացումից հետո՝ մինչև Անդրդաշնության և ԽՍՀՄ կազմավորումը, Հայաստանն ուներ ինքնիշխան պետության կարգավիճակ: Նա միջպետական հարաբերություններ ու առևտրատնտեսական կապեր էր հաստատել ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: ՀՍԽՀ արտաքին քաղաքական գործունեությունն իրականացնում էր արտաքին գործերի ժողկոմատը, որը 1920-1922 թթ. ղեկավարել են Ա. Բեկզադյանը և Ա. Մռավյանը: Խորհրդային Ռուսաստանի հետ բազմակողմանի սերտ կապեր հաստատելու և իրականացնելու գործում մեծ էր Մոսկվայում հիմնված ՀՍԽՀ լիազոր ներկայացուցչության և նրա ղեկավար Սահակ Տեր-Գաբրիելյանի դերը: Մինչև 1921 թ. նոյեմբերի կեսերը ՀՍԽՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ էին գործում նաև խորհրդային այլ հանրապետություններում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում: Խորհրդային Հայաստանը դիվանագիտական և առևտրական կապեր էր հաստատել իր անմիջական հարևաններ Իրանի և Թուրքիայի հետ: Կարսում հաստատվել Էր ՀՍԽՀ ներկայացուցչությունը: Ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանի հետ ՀՍԽՀ հարաբերությունները կրում էին բարիդրացիական բնույթ, առևտրատնտեսական սերտ կապեր էին հաստատվել սահմանակից պարսկական Մակուի խանության հետ: Երևանում իր գործունեությունն էր շարունակում պարսկական հյուպատոսությունը: 1921 թ. աշնանից Թեհրան և Թավրիզ քաղաքներում սկսեցին գործել ՀՍԽՀ լիազոր ներկայացուցչությունը և գլխավոր հյուպատոսությունը: Այդուհանդերձ, խորհրդային հանրապետությունների արտաքին կապերը և գործունեությունը խիստ սահմանափակ էին: ՌԿ(բ)Կ կենտկոմի քաղբյուրոյի 1921 թ. դեկտեմբերի 8-ի որոշումով խորհրդային հանրապետություններին արգելվում էր ստորագրել միջազգային որևէ պայմանագիր՝ «առանց ՌՍԴԽՀ արտգործժողկոմատի հետ նախապես համաձայնեցնելու», իսկ արտասահմանում հանրապետությունների բոլոր ներկայացուցիչները պետք է ենթարկվեին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչներին: Խորհրդային Ռուսաստանը, խորհրդային հանրապետություններին հետզհետե զրկելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, ստանձնել էր միջազգային ասպարեզում նրանց շահերը ներկայացնելու գործառույթ: Այսպես՝ 1922 թ. հունվարին ստանալով Ջենովայի միջազգային կոնֆերանսին մասնակցելու հրավեր՝ ՌՍԴԽՀ կառավարությունն անհրաժեշտ համարեց ստեղծել խորհրդային բոլոր հանրապետությունների միացյալ պատվիրակություն, որի կազմում էր նաև ՀՍԽՀ ներկայացուցիչ Ա. Բեկզադյանը: Խորհրդային Միության ստեղծումից հետո խորհրդային ազգային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի ինքնուրույն արտաքին գործունեությունը և կապերը ավելի սահմանափակվեցին:

Рубрика: Հայոց պատմություն

Խորհրդային Հայաստանը 1920-1922 թվականներին

1) Կառավարման նոր համակարգի ձևավորումը:

Հայաստանի իշխանությունը 1920 թ. դեկտեմբերի 6-ից ամբողջապես անցավ ռուսական 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Երևան ժամանած ՀՍԽՀ Ռազմահեղափոխական կոմիտեին: Նոր իշխանությունները ձևավորեցին միակուսակցական վարչակազմ: Հանրապետությունում ստեղծվեցին գործադիր իշխանության նոր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարիատներ: Իշխանության տեղական գործադիր մարմինները հեղկոմներն էին, որոնք նշանակովի էին և ժամանակավոր: Երկրի կառավարման համակարգում կարևոր դեր էր հատկացվում ներքին գործերի ժողկոմատին և 1920 թ. դեկտեմբերի 6-ի դեկրետով հիմնված Արտակարգ հանձնաժողովին (Չեկա): Դրանք խորհրդային կարգերը «ներդնելու» նպատակով սկսեցին բռնություններ գործադրել բնակչության նկատմամբ: Երկրում խորհրդային վարչակարգը հաստատելու և ամրապնդելու գործընթացը կազմակերպում և ուղղորդում էր Հայաստանի կոմկուսի կենտկոմը։


2) «Ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը և դրա հետևանքները:

Հայաստանի խորհրդայնացման պահին երկիրը և ժողովուրդը սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր դրության մեջ էին: Շատ վատ վիճակում էր հանրապետության տնտեսությունը: Խորհրդային Ռուսաստանի կողմից խոստացված օգնությունն առաջին ամիսներին այդպես էլ Հայաստան չհասավ: Նոր իշխանությունները երկրում կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքականությունը: 1920 թ. դեկտեմբերի 8-ին հրապարակվեց Հայ-հեղկոմի՝ «Պարենային մթերքների և այլ նյութերի հայտնաբերման մասին» հրամանը, իսկ դեկտեմբերի 10-ին ՀԿ(բ)Կ կենտկոմը կոչ արեց հայ գյուղացիությանը «առանց հապաղելու հաց տրամադրել Կարմիր բանակին»: Հեղկոմներն իրականացրին բնակչության ունեցվածքի կամայական բռնագրավումներ, որոնք ուղեկցվում էին անհնազանդների ձերբակալություններով: Բաքվում տեղակայված 11-րդ Կարմիր բանակի Հատուկ բաժնի ցուցումով 1920 թ. դեկտեմբերից 1921 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հայկական բանակից հեռացվեցին և երկրից աքսորվեցին ավելի քան 1000 սպա և զինծառայող: ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատարի պաշտոնից ազատվեց Դրոն: Հունվարի 11-ին նա լքեց Հայաստանի սահմանները: Բռնությունների իրականացման գործում աչքի էր ընկնում Համառուսաստանյան Չեկայի կողմից արտակարգ լիազորություններով Հայաստան գործուղված Գևորգ Աթարբեկյանը: Աքսորվածների թվում էին մեր ժողովրդի հերոսներ, գեներալներ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը, Ա. Հովսեփյանցը, Ա. Բեյ-Մամիկոնյանը և ուրիշներ: Մոտ 500 սպաներ աքսորվեցին Ռուսաստանի Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբարները:

1921 թ. հունվարի վերջերին Հայ-կոմկուսի պլենումը որոշեց ձերբակալել և մեկուսացնել ՀՅԴ բոլոր կոմիտեների
և կազմակերպությունների ղեկավարներին, նախկին կառավարության անդամներին: Ձերբակալվածների թվում էին ՀՀ վարչապետներ Հովհաննես Քաջազնունին և Համո Օհանջանյանը, խորհրդարանի անդամներ Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը, զորահրամանատարներ
Համազասպ Սրվանձտյանը և Նիկոլայ
Ղորղանյանը: Վերջին երկուսը մի քանի
տասնյակ այլ քաղբանտարկյալների հետ միասին սպանվեցին բանտում:

3) Փետրվարյան ապստամբությունը:


Հայաստանում բռնությամբ ներդրված
բոլշևիկյան վարչակարգի դեմ ապստամբեցին ժողովրդական լայն զանգվածները: 1921 թ. փետրվարի 16-18-ը ապստամբությունն արագ ընդգրկեց ՀՍԽՀ կենտրոնական մի շարք շրջանները՝ Բաշ Գյառնին (Գառնի), Կոտայքը, Թալինը, Դարալագյազը (Վայոց ձոր), Բաշ Ապարանը և այլն: Ապստամբական ուժերի ընդհանուր հրամանատար, գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանի, նրա զինակիցներ՝ խմբապետներ Մարտիրոսի, Խնկոյի, Սմբատի և այլոց գլխավորությամբ տեղերում տապալվեց խորհրդային իշխանությունը: Փետրվարի 18-ին ապստամբները մտան մայրաքաղաք Երևան: ՀՍԽՀ պետական և կուսակցական մարմինները հեռացան Ղամարլու (Արտաշատ) — Վեդի-Բասար (Արարատ) ուղղությամբ: Հաղթանակած ապստամբության շնորհիվ, որի ընդհանուր ղեկավարությունը ստանձնել էր դաշնակցությունը, Երևանում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ Հայրենիքի փրկության կոմիտե (ՀՓԿ) Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Կոմիտեի առաջին իսկ հրամաններով ազդարարվեց Հայաստանում խորհրդային իշխանության տապալման և բոլոր բոլշևիկներին ձերբակալելու մասին: ՀՓԿ-ն, գիտակցելով, որ անհնար է միայնակ դիմակայել բուշևիկյան ուժերին, փորձեց համագործակցություն հաստատել Վրաստանի մենշևիկյան իշխանությունների հետ և խորհրդային ուժերի դեմ պայքարը դարձնել համակովկասյան: Սակայն Վրաստանի խորհրդայնացումը 1921 թ. փետրվարի վերջերին խափանեց այդ հնարավոր դաշինքը:

Փետրվարյան ապստամբությունը
ճնշելու և ամբողջ Հայաստանում
խորհրդային իշխանությունը վերահաստատելու խնդիրը ստանձնեց ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն: Ղամարլու-Վեդի-Բասարում պաշարված հայկական խորհրդային ուժերը հայտնվել էին ծանր դրության մեջ, նրանց փրկությունը կախված էր հյուսիսից Կարմիր բանակի զորամասերի հարձակման հաջողությունից և Ռուսաստանից ակնկալվող օգնությունից: Ինքնաթիռով նրանց հասցված 47 կգ ոսկին օգտագործվեց Իրանից անհրաժեշտ ապրանքներ գնելու համար:
Եթե ապստամբների և խորհրդային
զորքերի միջև ռազմական գործողությունների առաջին շրջանն ընթանում էր փոփոխակի հաջողություններով, ապա Վրաստանի խորհրդայնացումից հետո կարմիրբանակային հիմնական զորամասերի՝ Հայաստան վերադառնալուց հետո իրադրությունը կտրուկ փոխվեց: 1921 թ. մարտի 25-ից 11-րդ բանակի զորամասերն անցնում են վճռական հարձակման: Վերջիններս ապրիլի 2-ին մտնում են Երևան: Շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու, ավելորդ զոհեր չտալու համար ապստամբները՝ ՀՓԿ-ի գլխավորությամբ, Բաշ Գյառնիով և Դարալագյազով նահանջեցին դեպի Զանգեզուր: Նահանջի միջանցքի անվտանգությունն ապահովված էր Գարեգին Նժդեհի զինված ուժերի կողմից:


Փետրվարյան ապստամբության պարտությունը և երկրում (բացի Զանգեզուրից) խորհրդային իշխանության վերահաստատումն անխուսափելի էր, քանի որ հայ բոլշևիկների թիկունքին կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը: Ապստամբությունը, սակայն, սթափեցնող ներգործություն ունեցավ խորհրդային իշխանությունների վրա, ստիպեց առավել զգուշորեն գործել: Հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ
ստեղծելու նպատակով Հայհեղկոմի ապրիլի 24-ի դեկրետով ապստամբության բոլոր մասնակիցներին՝ ներառյալ ղեկավարներին, շնորհվեց համաներում:
Խորհրդային իշխանությունները ձեռնամուխ եղան նաև հայկական բանակի աքսորված սպաներին ազատ արձակելու և հանրապետություն վերադարձնելու գործին: Վճռական քայլեր ձեռնարկվեցին երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու ուղղությամբ:


4) Անցումը նոր տնտեսական քաղաքականության և արտաքին օգնությունը:

1921 թ. գարնանը Խորհրդային իշխանությունն ամրապնդելու նպատակով Մոսկվայի կողմից Հայաստան գործուղվեցին փորձառու և հեղինակավոր պետական-կուսակցական գործիչներ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի և Սարգիս Լուկաշինի գլխավորությամբ: Մայիսի 21-ին Հայհեղկոմը վերակազմավորվեց ՀՍԽՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի: Ա. Մյասնիկյանը նշանակվեց Ժողկոմխորհի՝ կառավարության նախագահ և միաժամանակ ռազմական գործերի ժողկոմ: Ա. Լուկաշինը դարձավ ՀՍԽՀ Ժողովրդական տնտեսության խորհրդի (ԺՏԽ) նախագահ և ընտրվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար:


Նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ) մշակվել և ընդունվել էր Ռուսաստանում 1921 թ. գարնանը: Նէպի նպատակն էր շուկայական հարաբերությունների հիման վրա աշխուժացնել ու զարգացնել երկրի տնտեսությունը: Հայհեղկոմի 1921 թ. ապրիլի որոշմամբ արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, սահմանվեց առևտրի և գների ազատականացում: 1921 թ. հունիսի 24-ին մտցվեց պարենհարկը: Տնտեսական նոր քաղաքականությունը և երկրում հաստատված կայունությունը թեև սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու հնարավորություններ էին ընձեռում, սակայն առանց արտաքին օգնության դժվար կլիներ: 1921 թ. գարնանից սկսած՝ Ռուսաստանի կառավարությունը գործուն միջոցներ
ձեռնարկեց Խորհրդային Հայաստանին օգնություն հատկացնելու ուղղությամբ:
Արտաքին օգնության կազմակերպման
գործում նշանակալից դեր կատարեց
1921 թ. սեպտեմբերին Երևանում հիմնված Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), որի առաջին նախագահն էր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: ՀՍԽՀ բնակչությանը մեծ ծավալների մարդասիրական օգնություն էին տրամադրում խորհրդային հանրապետությունում իրենց գործունեությունը շարունակող՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան և անգլիական նպաստամատույց կոմիտեները:

Рубрика: Հայոց պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը.

1) Հայաստանի Հանրապետության հռչակումը.

Ազգային անկախ պետականությունը ծնվեց պատմական դժվարին պայմաններում: Արդեն գիտենք, որ 1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս: Անդրկովկասյան դաշնային հանրապետության վրաց-թաթարական մեծամասնությունը առանձին հաշտության եզրեր էր փնտրում թուրքերի հետ: Հայերը փորձեցին ստանալ գերմանացիների պաշտպանությունը: Գերմանիայի ներկայացուցիչ ֆոն Լոսովի խորհրդով Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Հ. Օհանջանյանն ու Ա. Զուրաբյանը մեկնեցին Բեռլին: Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում: Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը: Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ: Վրաստանի անկախությունն ընդունելով որպես կատարված փաստ՝ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթներ: Մայիսի 27-ին հայտարարվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» (ԱԿՄՀ) անկախության մասին, որն, ի դեպ, հենց այդ ժամանակ առաջին անգամ իրանական Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց «Ադրբեջան»: Հայաստանի անկախության խնդիրը քննարկվեց Հայոց ազգային խորհրդում մայիսի 28-ին: Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը: Միաժամանակ որոշվեց Հայաստանի նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով: 1918 թ. մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալրանի ձևակերպումով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը, որտեղ ասվում էր. «Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը՝ որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարության բոլոր գործառույթները հայկական գավառների քաղաքական-վարչական ղեկը վարելու համար»: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օրը եղավ մայիսի 28-ը: Այդ օրը մտել է ազգային տոնացույցի մեջ՝ որպես սրբազան օրերից մեկը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայոց պատմության նորագույն շրջանի կարևորագույն իրադարձություններից է։ Վերականգնվեց կորսված անկախ պետականությունը:

2) Բաթումի պայմանագիրը.

Բաթումում 1918 թ. մայիսի 11-ին վերսկսված բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատվիրակությունը՝ կառավարության նախագահ Ա. Չխենկելին: Մասնակցում էին նաև խնամատարության նախարար Հովհ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: 1918 թ. մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին՝ առաջարկելով սկսել բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած Հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի 27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցությունների: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին: Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալքալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդ մասը: Թուրքերին էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս:

3) Իշխանության մարմինների ստեղծումը:

Անկախության հռչակումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ: Մինչև նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ մայրաքաղաք Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ մեծ աշխատանք էին կատարել Երևանի հայոց ազգային խորհուրդը և նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը: Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, որը կոչվեց Հայաստանի խորհուրդ, ձևավորվեց Թիֆլիսի, ինչպես նաև Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա: Նրա 46 անդամներից 18-ը դաշնակցականներ էին, 6-ական անդամներ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսուլմանները: Բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր մինիստրների խորհուրդ, հետագայում նախարարների խորհուրդ: 1918 թ. հունիսի 7-ին Հայոց ազգային խորհուրդը կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն: Հուլիսի 17-ին ՀՀ կառավարությունը և Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը մեկնեցին Թիֆլիսից և երկու օր անց ժամանեցին Երևան: Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի շենքում բացվեց Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը: Հայաստանի խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը: Առաջին կառավարության մեջ մտան ՀՅԴ 4 գործիչներ՝ Հ. Քաջազնունի՝ նախարար-նախագահ, Ա. Խատիսյան՝ արտաքին գործերի նախարար, Ա. Մանուկյան՝ ներքին գործերի նախարար, Խ. Կարճիկյան՝ ֆինանսների նախարար, և երկու անկուսակցական՝ զորավար Հ. Հախվերդյան՝ զինվորական նախարար, Գ. Պետրոսյան՝ արդարադատության նախարար: Խորհրդարանը և կառավարությունը հրատապ պետք է լուծեին գաղթականության, պարենավորման, ֆինանսների, հաղորդակցության, բանակի ստեղծման, ներքին հակապետական խռովությունների ճնշման, սահմանային վիճելի խնդիրները և այլն: 1919 թ. հունիսի 21-23-ը տեղի ունեցան ՀՀ խորհրդարանի ընտրություններ: Դրանք անցկացվեցին համամասնական (կուսակցական) ընտրակարգով: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 20 տարին լրացած քաղաքացիները՝ առանց սեռի, ազգության և կրոնական խտրականության, ընդհանուր, գաղտնի, հավասար և ուղղակի քվեարկությամբ: Ընտրվեց խորհրդարանի 80 անդամ, որից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի: Նոր խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը: Ընտրովի էին նաև գյուղական տանուտերերի պաշտոնները: 1920 թ. մայիսին հանրապետության տարածքը բաժանվեց վարչական 4 նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունյաց: Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազար քառ. կիլոմետրի՝ 2 մլն բնակչությամբ: Կարևոր էր երրորդ իշխանության՝ դատաիրավական մարմինների ու արդարադատության կայացումը: 1918 թ. դեկտեմբերի 6-ին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը: Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն: Դատավարությունը կատարվում էր հայերենով: Ազգային պետության հաստատման կարևոր պայմանը և երաշխիքը հայերենի՝ որպես պետական լեզվի ճանաչումն էր: Պետական լեզվի մասին օրենքը, որը ստորագրել էր խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթը, ընդունվեց 1919 թ. դեկտեմբերի 26-ին: Իսկ 1920 թ. մայիսի 30-ին օրենք ընդունվեց պետական լեզուն չտիրապետող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու պայմանների մասին: Բացառություն էր արվում միայն այն սպաներին, որոնց ազատումը կվնասեր բանակաշինությանը: Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920 թ. հուլիսի 23-ին: Նրա հեղինակներն էին ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: ՀՀ-ում որպես օրհներգ գործածվում էր «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը: Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունը այսօր նույնությամբ դարձրել է իր խորհրդանիշները:

4) Ազգային բանակը:

Զինված ուժերը յուրաքանչյուր պետության անվտանգության հիմքն են: 1918 թ. սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումի պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը: Անդրանիկը մի քանի ամիս անց միայն կազմացրեց իր զինվորական ուժերը, որոնք հանրապետության ռազմական ուժերի համակարգից դուրս էին: 1919 թ. նա Ամենայն Հայոց կաթողիկոսի միջոցով զենքերը հանձնեց Հայաստանի կառավարությանը և հեռացավ արտասահման: Արտասահմանում նա շարունակեց իր ազգանպաստ գործունեությունը: Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ: ՀՀ-ն 1920 թ. սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ (Կարսում), 2 զրահագնացք և այլ ուժեր: 1920 թ. սեպտեմբերին Սևանա լճի վրա գործարկվեց «Աշոտ Երկաթ» ռազմանավը: Հայկական բանակում կար նաև եզդիների ստորաբաժանում: Հայոց բանակը հիմնականում սպառազինվեց անգլիական զենքով ու զինամթերքով: Թուրք-հայկական 1920 թ. պատերազմի ժամանակ հայկական բանակը հասավ իր առավելագույն չափերին: Հայաստանն ուներ շուրջ 40-հազարանոց բանակ, որից մարտական ուժերի թվակազմը 25 հազար զինվորական էր:

Рубрика: Հայոց պատմություն

Կենտրոնացված պետության կազմավորումը Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Իսպանիայում

Ֆրանսիայի միավորման սկիզբը

Ֆրանսիան որպես պետություն առաջացավ 843 թ. Վերդենի դաշնագրի հիման վրա, որով ֆրանկական տերությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների միջև: 987 թ. Կապետինգյան արքայատանը փոխարինեց Կապետինգյան հարստությունը: Այս շրջանում ֆրանսիական թագավորների իշխանությունը մեծ չէր: Նրանց պատկանում էին միայն Փարիզը և Օռլեանն իրենց շրջակայքով: Թագավորի իրական իշխանությունը տարածվում էր միայն իր տիրույթում՝ դոմենում: XII դ. ֆրանսիական թագավորները ձեռնամուխ եղան իրենց իշխանության ամրապնդմանը և երկրի միավորմանը: Այդ պայքարում Ֆրանսիայի թագավորները երկարատև հակամարտության մեջ մտան նաև Անգլիայի հետ: 1066 թ. Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նորմանդիայի դուքս Վիլհելմը նվաճեց Անգլիան և դարձավ թագավոր: Նորմանդիան միացվեց Անգլիային: 1154 թ. Ֆրանսիայի ավատատերերից մեկը՝ Անժուի կոմս Հենրիխ Պլանտագենետը, դարձավ Անգլիայի թագավոր: Նա ամուսնացավ Էլեոնորա Աքվիտանացու հետ, և Աքվիտանիայի դքսությունը ևս անցավ Անգլիային: Այսպիսով, Ֆրանսիայի տարածքի կեսից ավելին պատկանում էր Անգլիային: Ֆիլիպ II Օգոստոսը (1180-1223) կարողացավ գրավել Նորմանդիան: Նրա կառավարման օրոք թագավորական դոմենն ընդարձակվեց մոտ չորս անգամ: Շուտով ֆրանսիական թագավորները ձեռնամուխ եղան նաև երկրի հարավային շրջանների նվաճմանը: Իսկ 1229 թ. ալբիգոյան հերետիկոսների շարժումը ճնշելու նպատակով կազմակերպված խաչակրաց արշավանքի ընթացքում Ֆրանսիան գրավեց Թուլուզի կոմսությունը Միջերկրական ծովի առափնյա շրջաններում: Սակայն Աքվիտանիան դեռևս մնում էր Անգլիայի կազմում: 

Կառավարման համակարգը

Ֆրանսիայի միավորմանը զուգընթաց զարգանում էր նաև պետության կառավարման համակարգը: Թագավորական դոմենի ընդարձակումը պահանջում էր ստեղծել կառավարման համապետական մարմիններ և միասնական օրենսդրություն: Այդպիսի մարմիններ էին թագավորական խորհուրդը (կառավարման բարձրագույն մարմին), Փարիզի պառլամենտը (բարձրագույն դատարան) և հաշվային պալատը (բարձրագույն ֆինանսական մարմին): Նախկինում պաշտոնի դիմաց հող էին ստանում, իսկ այժմ այդ կարգը փոխվեց: Պաշտոն ստանում էին հատուկ կրթություն ստացած մարդիկ, ովքեր ոչ թե հող, այլ աշխատավարձ էին ստանում: Նախկին դքսությունների և կոմսությունների փոխարեն ստեղծվեցին վարչական նոր միավորներ: Սրանց կառավարիչներն իրենց ձեռքում կենտրոնացրին վարչական, ռազմական և դատական իշխանությունը: Պետությունն արդեն չէր համարվում թագավորի անձնական սեփականություն, որը կարելի էր բաժանել ժառանգներին: Կառավարման բնագավառում կարևոր բարեփոխումներ անցկացրեց Լյուդովիկոս IX-ը (1226-1270): Նա ընդունեց հատուկ օրենք, ըստ որի՝ թագավորական դոմենում արգելվում էին դատական մենամարտերը: Ավատատիրական դատարանում հաճախ վիճող կողմերին առաջարկում էին վեճերը լուծել մենամարտի միջոցով: Այժմ վիճահարույց գործը տեղափոխվում էր թագավորական դատարան, որը դարձավ պետության բարձրագույն դատական ատյանը: Լյուդովիկոս IX-ը նաև արգելեց ավատատերերի միջև պատերազմները թագավորական դոմենում: Թագավորական դոմենում մտցվեց միասնական դրամական համակարգ: Թագավորական դրամն ամբողջ երկրում պետք է կիրառվեր տեղական դրամներին զուգահեռ: 

Ֆրանսիայի միավորման ավարտը: 

Հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիան կրկին ձեռնամուխ եղավ երկրի միավորմանը, ինչին ընդդիմանում էին Բուրգունդիայի և Բրետանի դուքսերը: Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախը Ֆրանսիայի արևելքում ստեղծեց Մեծ Լոթարինգիա պետությունը, որը ձգվում էր Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական ծով: Սկզբում Ֆրանսիայի թագավորը անհաջողության մատնվեց, սակայն 1477 թ. Նանսիի ճակատամարտում հաղթեց Կարլոս Խիզախին: Բուրգունդիայի դքսությունը միացվեց Ֆրանսիային: Շուտով Ֆրանսիային միացվեց նաև Միջերկրական ծովի ափին գտնվող խոշոր նավահանգիստ Մարսելը: Աննա Բրետանացու և Կարլոս VIII-ի ամուսնության շնորհիվ 1491 թ. Ֆրանսիային միացվեց նաև Բրետանի դքսությունը: Այդպիսով՝ Ֆրանսիայի քաղաքական միավորումը հիմնականում ավարտվեց: XV դ., Ֆրանսիայի միավորմանը զուգահեռ, տեղի էր ունենում նոր տիպի պետության՝ բացարձակ միապետության ձևավորումը: Գլխավոր շտատներ այլևս չէին հրավիրվում: Ռազմական բարեփոխումների շնորհիվ ստեղծվեց մշտական բանակ: Թագավորը հրաժարվեց վասալներից հավաքագրված զորաջոկատներից: Բանակի ծախսերը հոգալու համար մտցվեց ռազմական հարկ, որը վճարում էին բոլոր բնակիչները: Հարկային բարեփոխումների շնորհիվ գանձարանը դրամական մեծ միջոցներ էր ստանում: Մշտական բանակ և ֆինանսական հսկայական միջոցներ ունեցող թագավորն այլևս կարիք չուներ հասարակությունից խնդրելու ռազմական և ֆինանսական օգնություն: Ֆրանսիան XVI դ. դարձավ Արևմտյան Եվրոպայի խոշորագույն կենտրոնացված պետություններից մեկը: 

Անգլիայի միավորման սկիզբը, Հենրիխ II Պլանտագենետ

V դարում Բրիտանիայում հաստատված անգլո-սաքսոնական ցեղերի ստեղծած թագավորությունները 829 թ. միավորվեցին մեկ պետության մեջ: Անգլիայի հետագա զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ նորմանական նվաճումը: Արդեն ասվել է, որ 1066 թ. Նորմանդիայի դուքս Վիլհելմը նվաճեց Անգլիան և իրեն հռչակեց Անգլիայի թագավոր (1066-1087): Նա ստացավ Նվաճող մականունը: Անգլիայում թագավորական իշխանության ամրապնդման համար կարևոր նշանակություն ունեցավ 1086 թ. անցկացված համաանգլիական հողային ցուցակագրումը: Ցուցակագրումը երկու նպատակ ուներ. թագավորը ցանկանում էր պարզել իր վասալներին պատկանող հողատարածքների չափերը, որպեսզի ճշգրտեր հարկերի և ծառայությունների չափերը: Անգլիայի նվաճմանը զուգահեռ, եկվորներն սկսեցին բռնագրավել անգլո-սաքսոնական խոշոր հողատերերի հողերը: Հողը բաժանվում էր աստիճանաբար, ուստի նորմանական բարոնների հողատարածքները ցրված էին տարբեր կոմսություններում: Այդ պատճառով Անգլիայում տարածքային խոշոր իշխանություններ չստեղծվեցին, ինչպես Գերմանիայում և Ֆրանսիայում: Վիլհելմը ծառայություն էր պահանջում ոչ միայն իր անմիջական վասալներից՝ բարոններից, այլև սրանց վասալներից: Թագավորական իշխանության ամրապնդման համար Վիլհելմն անցկացրեց նաև մի շարք բարեփոխումներ: Երկիրը բաժանվեց կոմսությունների, որոնք կառավարելու համար թագավորը նշանակում էր կառավարիչ՝ շերիֆ: Նա էր տնօրինում կոմսության վարչական և դատական գործերը, հավաքում էր հարկերը: 1135 թ. նորմանական արքայատունը դադարեց գոյություն ունենալուց: Գահի համար տարբեր խմբավորումների միջև պայքարը տևեց 20 տարի: Ի վերջո 1154 թ. թագավոր ընտրվեց ֆրանսիացի ազնվական՝ Անժուի կոմս Հենրիխ II Պլանտագենետը (1154-1189): Անգլիական թագավորության կազմի մեջ մտան Անժուի կոմսերին պատկանող տարածքները: Հենրիխն ամուսնացել էր Էլեոնորա Աքվիտանացու հետ, ուստի Աքվիտանիայի դքսությունը ևս անցավ Անգլիային: Այսպես Անգլիան դարձավ Պլանտագենետների տերություն, որը հաճախ անվանում էին Անժուի կայսրություն: Պետության կենտրոնացման համար Հենրիխ II-ն անցկացրեց բարեփոխումներ: Ձգտելով ընդլայնելու թագավորական դատարանների իրավունքները՝ նա կատարեց դատական բարեփոխում: Յուրաքանչյուր ազատ մարդ, որոշակի գումար վճարելով, կարող էր իր դատական գործը ավատատիրական դատարանից տեղափոխել թագավորական դատարան: Այստեղ գործը քննվում էր երդվյալ ատենակալների ներկայությամբ: Հենրիխ II-ը կատարեց նաև ռազմական բարեփոխում: Թագավորի օգտին վասալների ռազմական ծառայության ժամկետը կրճատվեց: Մնացած ժամկետի համար վասալը պարտավոր էր վճարել հատուկ հարկ: Այսպես թուլանում էր թագավորի կախումը բարոններից և մյուս վասալներից: 

Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը

Անգլիայի քաղաքական զարգացման վրա մեծ ազդեցություն թողեց Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը (1455-1485): Անգլիայի տնտեսական զարգացման արդյունքում հողատերերը բաժանվեցին երկու խմբի՝ «հին» և «նոր» ազնվականության: Առաջինի մեջ մտնում էին այն հողատերերը, որոնք տնտեսությունը սովորաբար վարում էին հին եղանակով: Հողատերն իր հողը բաժանում էր երկու մասի՝ տերունական և գյուղացիական: Տերունական հողը ավատատերը չէր բաժանում գյուղացիներին, այլ մշակում էր նրանց աշխատանքով: «Նոր» ազնվականությունը, որը հիմնականում կազմված էր մանր ու միջին հողատերերից, տնտեսությունը կազմակերպում էր վարձու աշխատանքի միջոցով: Նրանք ոչ թե հողը բաժանում էին գյուղացիներին, այլ հետ էին վերցնում հողերը և դրանք մշակում վարձու աշխատողների միջոցով, որն ավելի եկամտաբեր էր: Նրանք գնում էին աղքատացած «հին» ազնվականների և գյուղացիների հողերն ու վարձակալության տալիս: «Հին» և «նոր» ազնվականության միջև ստեղծված հակասությունները վերածվեցին երկարատև պատերազմի, որի համար առիթ ծառայեցին Լանքաստերների և Յորքերի տոհմերի դինաստիական վեճերը: 1455 թ. երկու տոհմերի միջև պատերազմ սկսվեց, որն էլ ստացավ Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմ անվանումը: Լանքաստերների զինանշանին պատկերված էր կարմիր, իսկ Յորքերի զինանշանին՝ սպիտակ վարդ: Առաջիններին պաշտպանում էին «հին» ազնվականները, իսկ Յորքերին՝ «նոր» ազնվականները և քաղաքացիների մի մասը: Ի վերջո Էդուարդ Յորքցին 1461 թ. գրավեց Լոնդոնը և իրեն հռչակեց թագավոր: Էդուարդ IV-ը սկսեց հովանավորել առևտուրը և արդյունաբերությունը: Նա օրենք ընդունեց, ըստ որի՝ արգելվում էր բրդի արժեքավոր տեսակների արտահանումը, որպեսզի Անգլիայում զարգանա մահուդագործությունը: Նա չէր վստահում խորհրդարանին և երկիրը կառավարում էր իրեն նվիրված մարդկանց միջոցով: Նրա մահից հետո սկսվեց գահակալական պայքար, որի արդյունքում թագավոր հռչակվեց Հենրիխ VII-ը, որը հիմք դրեց Թյուդորների արքայատանը (1485-1603): Նա շարունակեց կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականությունը: XV դ. վերջին Անգլիայում կային բոլոր նախադրյալները բացարձակ միապետություն ստեղծելու համար: Անգլիան XVI դար մուտք գործեց որպես զարգացած տնտեսություն և մշակույթ ունեցող երկիր: Այդ ժամանակ Անգլիայում շարունակվում էր անգլիական ժողովրդի ձևավորումը: Լոնդոնի բարբառի հիման վրա սկսեց ձևավորվել անգլերենը, որը հարստանում էր ֆրանսերենի և լատիներենի բառապաշարով: Արդեն XIV դ. անգլերենը դարձել էր խոսակցական և գրական լեզու: 1362 թ. սկսած՝ անգլերենով էին տարվում խորհրդարանական վիճաբանությունները և դատական քննարկումները: Ջոն Ուիկլիֆի նախաձեռնությամբ Աստվածաշունչը թարգմանվեց անգլերեն:

Գերմանիա և Իսպանիա

Գերմանական կայսրերի արտաքին քաղաքականությունը

Սրբազան հռոմեական կայսրության արտաքին քաղաքականության մեջ գերիշխում էին երկու ուղղություններ: Առաջինը՝ Իտալիայի նվաճումը, երկրորդը՝ Տիրոջ գերեզմանի ազատագրումը: Շտաուֆենների արքայատոհմի կայսրերն իրենց համարում էին քրիստոնյա աշխարհի առաջնորդներ և փորձում էին ստեղծել համաքրիստոնեական Հռոմեական կայսրություն: Իտալիան այս շրջանում քաղաքականապես մասնատված էր: Հյուսիսային Իտալիայում ձևավորվել էին մի շարք քաղաք-պետություններ՝ Միլան, Ֆլորենցիա, Ջենովա, Վենետիկ: Միջին Իտալիայի մեծ մասը մտնում էր պապական պետության՝ Պապական մարզ, կազմի մեջ: Այստեղ առաջացել էր պապերի աշխարհիկ պետությունը (Սուրբ Պետրոսի կալվածք)՝ Հռոմ մայրաքաղաքով: Հարավային Իտալիայի մի մասը և Սիցիլիա կղզին նվաճել էին նորմանները և այնտեղ հիմնել Սիցիլիական թագավորությունը: Իտալիան նվաճելու քաղաքականությունը շարունակեց նաև Ֆրիդրիխ I Բարբարոսան (1152-1190): Սրբազան հռոմեական կայսրության կենտրոնացման և կայսերական իշխանության ամրապնդման համար նա որոշեց գրավել Իտալիան: Սկզբում նա որոշ հաջողությունների հասավ: 1154 թ. կայսրը ձեռնարկեց իր առաջին արշավանքը, հասավ Հռոմ, և պապը նրան թագադրեց կայսերական թագով: Դրանից հետո կայսրը Հյուսիսային Իտալիայի քաղաքներին պարտադրեց որոշում ընդունել, ըստ որի՝ այդ քաղաքները պետք է կառավարեին կայսեր նշանակած կուսակալները: Սակայն քաղաքներն ապստամբեցին և ստեղծեցին Լոմբարդական լիգան, որի մեջ մտան 22 քաղաքներ: Լիգան ղեկավարում էր Ալեքսանդր III պապը: 1176 թ. Լենյանոյի մոտ գերմանական ասպետները ծանր պարտություն կրեցին: Ֆրիդրիխ I-ը ստիպված էր պապի և Լիգայի հետ պայմանագրեր կնքել, ըստ որի՝ քաղաքների ինքնավարությունը վերականգնվեց: Ֆրիդրիխ I-ի քաղաքականությունը շարունակեց նրա որդի Հենրիխ VI-ը: Նա ամուսնացել էր սիցիլիական թագավորության ժառանգորդուհու հետ և դարձել էր Սիցիլիայի թագավոր: Մեկ պետության մեջ միավորելով կայսրությունը և Սիցիլիական թագավորությունը՝ նա փորձում էր իրեն ենթարկել նաև Բյուզանդիան, Սուրբ Երկիրը և ստեղծել համաքրիստոնեական կայսրություն: Սակայն խաչակրաց արշավանք կազմակերպելու ժամանակ նա անսպասելի մահացավ: Նրա որդի Ֆրիդրիխը Ինոկենտիոս III պապի ջանքերով 1212 թ. ընտրվեց Գերմանիայի թագավոր: Ութ տարի անց նա դարձավ կայսր: Ֆրիդրիխ II Բարբարոսան անհաջող փորձ կատարեց գրավելու Հյուսիսային և Միջին Իտալիան: Նրա մահից հետո Սիցիլիան գրավեցին ֆրանսիացիները: Սիցիլիական թագավորությունը տրոհվեց, իսկ կղզին միացվեց Պիրենեյան թերակղզու պետություններից Արագոնին: Սրբազան հռոմեական կայսրությունում Շտաուֆենների տան կայսրերի կառավարումը (1138-1254) համընկավ խաչակրության ծավալման ժամանակաշրջանի հետ: Խաչակրաց արշավանքներին մասնակցելը կայսրերի արտաքին քաղաքականության մյուս կարևոր բնագավառն էր: Կոնրադ III-ը խաչակրաց երկրորդ արշավանքի ղեկավարներից էր, Ֆրիդրիխ 1-ը՝ երրորդ արշավանքի առաջնորդներից: Միայն մահը խանգարեց Հենրիխ VI-ին դառնալու խաչակիր: Խաչակրաց վեցերորդ արշավանքը (1228-1229) գլխավորում էր Ֆրիդրիխ II-ը: Հասնելով Սուրբ Երկիր՝ նա պայմանագիր կնքեց Եգիպտոսի սուլթանի հետ, ըստ որի՝ Երուսաղեմն անցավ քրիստոնյաներին, սակայն մի քանի տարի անց մուսուլմանները նորից գրավեցին քաղաքը: 

Կարլոս IV-ի «Ոսկե բուլլան»

XIII դ. երկրորդ կեսից Սրբազան հռոմեական կայսրությունն սկսեց տրոհվել: Նրա կազմի մեջ մտնում էին պետություններ, որոնք փաստացի անկախ էին՝ Չեխական թագավորությունը, Տոսկանան և Հյուսիսային Իտալիան: 1291 թ. առաջացավ ևս մեկ անկախ պետություն՝ Շվեյցարական միությունը: Գերմանիայում քաղաքական մասնատվածության հետ միասին թուլացել էր թագավորական իշխանությունը: Գերմանական կայսրերն այդպես էլ չկարողացան հասնել երկրում թագավորական իշխանության ժառանգականության սկզբունքի հաստատմանը: Եթե թագավորական իշխանությունն անցնում էր հորից որդուն, ապա դրա համար անհրաժեշտ էր տարածքային իշխանների համաձայնությունը, որը ստանալու համար ամեն անգամ նրանց զիջումներ էին անում: Կազմավորվող տարածքային իշխանությունները փոխարինում էին նախկին ցեղային դքսություններին: Գերմանիայում առաջացան մոտ հարյուր տարածքային իշխանություններ, որոնցից ութսունը հոգևոր իշխանություններ էին: Ավատատիրական աստիճանակարգությունում տարածքային իշխանները զբաղեցրին ցեղային դուքսերի տեղը և թագավորի անմիջական վասալներն էին: Նրանց սկսեցին անվանել կայսերական իշխաններ: Նրանք ձեռք բերեցին դրամ հատելու, հարկեր հավաքելու, քաղաքներ հիմնելու իրավասություն: Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը իրավաբանորեն ամրապնդվեց Կարլոս IV կայսեր (1346-1378) հրատարակած «Ոսկե բուլլայով» (1356 թ.): Դրանով հաստատվեց գերմանական թագավորների ընտրության կարգը: Թագավորին պետք է ընտրեր յոթ իշխաններից բաղկացած խորհուրդը: Դրանցից երեքը հոգևոր իշխաններ էին, իսկ չորսը՝ աշխարհիկ: Բուլլան օրինականացրեց իշխանների անկախությունն իրենց տարածքներում: Քաղաքներին արգելվում էր միություններ կազմել: Բուլլան՝ որպես կայսրության քաղաքական կյանքը կարգավորող փաստաթուղթ, ուժի մեջ մնաց մինչև 1806 թ., երբ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց: Գերմանիայի քաղաքական մասնատվածությունն իր ազդեցությունը թողեց դասային ներկայացուցչական մարմնի՝ ռայխստագի ձևավորման և գործունեության վրա: Ռայխստագը կայսեր կողմից հրավիրվող ժողով էր, սակայն օրենքներ ընդունելու իրավունք չուներ. այն խորհրդակցական իրավունքներով օժտված մարմին էր:

Ռեկոնկիստա, Իսպանիայի միավորումը

711-714 թթ. արաբները գրավեցին համարյա ողջ Իսպանիան: Մինչև 755 թ. Իսպանիան մտնում էր Դամասկոսի խալիֆայության կազմի մեջ, իսկ 929 թ. այն դարձավ անկախ պետություն, որը սովորաբար անվանում էին Ալ-Անդալուսիա: 801 թ. Կարլոս Մեծն արաբներից խլեց Բարսելոնա քաղաքը, որտեղ հիմնադրեց Իսպանական մարկան (սահմանամերձ ամրացված մարզ): Ռեկոնկիստան Պիրենեյան թերակղզու բնակիչների կողմից Իսպանիան արաբներից ազատագրելու շարժումն էր: Այն առավելապես իրականացնում էին Կաստիլիան, Արագոնը և Պորտուգալիան: Ռեկոնկիստայում մեծ էր նաև պապականության և եկեղեցու դերը: Պապականությունը հաճախ խաչակրաց արշավանքներ էր կազմակերպում դեպի Իսպանիա: Ռեկոնկիստայի ընթացքում կազմավորվեցին քաղաքներ, որոնք ամենից առաջ պաշտպանական ամրոցներ էին: Դրանք միաժամանակ հենակետեր էին դեպի հարավ կազմակերպվող արշավանքների համար: Այդպիսի քաղաքների բնակիչները պետք է զինվորական ծառայություն կատարեին և մասնակցեին կազմակերպվող արշավանքներին: Սակայն Ռեկոնկիստայի հիմնական ռազմական ուժն ասպետությունն էր: Իսպանացիներն առաջին խոշոր հաղթանակը տարան 1085 թ., երբ գրավեցին Տոլեդոն՝ Արևմտագոթական թագավորության նախկին մայրաքաղաքը: Ռեկոնկիստայի հաջողություններն արաբներին ստիպում էին դիմելու Հյուսիսային Աֆրիկայում ապրող բերբերների օգնությանը: Իսպանացիների միացյալ ուժերը 1212 թ. պարտության մատնեցին բերբերներին, ապա գրավեցին Կորդովան, Սևիլիան, Վալենսիան և դուրս եկան Ատլանտյան օվկիանոսի ափերը: Արաբների ձեռքին մնաց միայն հարավում գտնվող Գրանադայի էմիրությունը: Ռեկոնկիստան հիմնականում ավարտվեց XIII դ.: Ռեկոնկիստային զուգահեռ Իսպանիայի երեք խոշոր թագավորություններում՝ Կաստիլիայում, Արագոնում և Պորտուգալիայում, ձևավորվում էին դասային միապետություններ: Թագավորական իշխանությունը սահմանափակված էր դասերի ներկայացուցիչների ժողովներով՝ կորտեսներով: Կորտեսներում դասերը նիստեր էին անում առանձին-առանձին: Պիրենեյան թերակղզու բոլոր երկրներում դասային ներկայացուցիչների ժողովներն ավելի շատ էին սահմանափակում թագավորի իշխանությունը, քան Եվրոպայի մյուս երկրների ժողովները: Արաբների դեմ մղվող երկարատև պայքարում թագավորները հենվում էին քաղաքների և ավատատերերի վրա, ուստի ստիպված էին նրանց լայն արտոնություններ տալ: Թագավորական հատուկ հրովարտակով քաղաքներն ստանում էին քաղաքային խորհրդի անդամներ ընտրելու և քաղաքային դատարան ունենալու իրավունք: Ազատագրված տարածքների մի մասը թագավորը հանձնում էր եկեղեցուն և ազնվականներին: Ռեկոնկիստայի ավարտին երեք թագավորություններում էլ ձեռնամուխ եղան կենտրոնացված պետությունների ստեղծմանը: Արագոնի և Կաստիլիայի թագավորները խոշոր հողատերերին զրկում էին դրամ հատելու, հարկեր հավաքելու և մասնավոր պատերազմներ վարելու իրավունքներից: Այս պայքարում թագավորին մեծ օգնություն ցույց տվեցին հատկապես քաղաքները: Խոշոր հողատերերի դեմ պայքարելու համար Կաստիլիայի քաղաքները միմյանց հետ դաշինք կնքեցին: Թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Կաստիլիան և Արագոնը միավորվեցին: 1479 թ. Արագոնի թագավոր Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլայի ամուսնությամբ նրանք միավորվեցին: Պիրենեյան թերակղզում մնաց երկու քրիստոնյա պետություն՝ Իսպանիան և Պորտուգալիան: Ռեկոնկիստան իրականացվում էր որպես քրիստոնեության պայքար իսլամի դեմ: Այդ էր պատճառը, որ Իսպանիայում ապրող արաբների և քրիստոնյա հերետիկոսների դեմ պայքարելու համար 1481 թ. այստեղ հիմնադրվեց հատուկ եկեղեցական դատարան՝ ինկվիզիցիա: Այն գլխավորում էր Տորկվեմադան: Հազարավոր մարդիկ դատապարտվեցին և խարույկի վրա այրվեցին: Ամրապնդելով իրենց դիրքերը երկրի ներսում՝ իսպանական թագավորները ձեռնամուխ եղան երկրի տարածքային ընդարձակմանը: Երկարատև պաշարումից հետո՝ 1492 թ. նրանք գրավեցին Գրանադան: Ամբողջ Պիրենեյան թերակղզին, բացառությամբ Պորտուգալիայի, միավորվեց Իսպանիայի կազմում: Ֆերդինանդի և Իզաբելլայի կառավարման ժամանակ Իսպանիայում սկսվեց բացարձակ միապետության ձևավորումը: Խոշոր ավատատերերը կորցրին իրենց իրավունքները և վերածվեցին պալատական պաշտոնյաների: Կորտեսները ևս դանդաղորեն կորցնում էին իրենց նշանակությունը և հազվադեպ էին հրավիրվում: Իսպանիան XVI դ. թևակոխեց որպես Ռեկոնկիստան ավարտած և ուժեղ թագավորական իշխանություն ունեցող պետություն:

Рубрика: Հայոց պատմություն

Խաչակրաց յոթերորդ, ութերորդ, իններորդ արշավանքները

Խաչակրաց յոթերորդ արշավանք

1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև: Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր: Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։

Խաչակրաց ութերորդ արշավանք

Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.: Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը։

Խաչակրաց իններորդ արշավանք

Խաչակրաց իններորդ արշավանք, որը որոշ պատմաբաններ համարում են Ութերորդ Խաչակրաց արշավանքի մաս, եղել է վերջին խոշոր Խաչակրաց արշավանքը դեպի Սուրբ երկիր։ Տեղի է ունեցել 1271-1272 թվականներին։ Լյուդովիկոս IX-ի՝ Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ Թունիսը վերցնելու անկարողությունը ստիպեց Անգլիական թագավոր Հենրիխ III-ի որդի Էդուարդ I-ին շարժվել Աքքա։ Հետագա իրադարձությունները պատմության մեջ են մտել Իններորդ Խաչակրաց արշավանքանվամբ։ Արշավանքի ժամանակ Էդվարդին հաջողվեց ձեռք բերել մի շարք հաղթանակներ Բեյբարս I-ի դեմ։ Միայն թե վերջում Էդվարդը ստիպված էր շարժվել դեպի տուն անհետաձգելի գործերի պատճառով, գահակալության հարցով, իսկ Ուտրեմերում նրան չի հաջողվում լուծել կոնֆլիկտները լորդերի միջև։ Կարելի է ասել, որ այդ ժամանակ խաչակրաց արշավանքների ոգին արդեն մարել էր։ Խաչակիրներըի ամրոցները՝ Միջերկրական ծովի ափերին տեղակայված, ոչնչացման վտանգի տակ էին։

Рубрика: Հայոց պատմություն

Խաչակրաց երրորդ և չորրորդ արշավանքները

Խաչակրաց երրորդ արշավանք

1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ահա ինչպես է նկարագրում Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից Ֆրիդրիխ Ա Շիկամորուս կայսեր գանձապետ Բերնարդը իր «Ժամանակագրություն»ում.

Սալահ ադ Դինն Ասկալոնից ուղևորվեց Երուսաղեմը գրավելու։ Հաջորդ օրը նա պաշարեց քաղաքը։ Սակայն մինչև ռազմական գործողություններ սկսելը նա քաղաքի բնակիչներին առաջարկեց քաղաքը հանձնել իրեն առանց կռվի։ Երուսաղեմի բնակիչները պատասխանեցին, որ նա կարող է անել ինչ ցանկանում է, բայց իրենք քաղաքը չեն զիջի։ Այնժամ Սալահ ադ Դինը հրամայեց պատրաստվել գրոհի։ Բնակիչները նույնպես զինվեցին և մարտի մտան սարացինների (մահմեդականների) դեմ։

Մուսուլմանները հասան խրամին, այնտեղ իջեցրին հողափորներին և աստիճանները հենեցին պարիսպներին։ Երկու օրում նրանք պարիսպների տակ փորեցին 15 արմնկաչափ։ Փորելով և պատերին գերաններ հենելով` նրանք կրակ վառեցին, և փորված հատվածներում պարիսպը փլվեց։ Այնժամ քրիստոնյաները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես վարվեն… և խնդրեցին գլխավոր բարոններից մեկին` Բալիան Իբելինին գնալ Սալահ ադ Դինի մոտ և հարցնել, թե ինչպիսին են պայմանները։ Նա գնաց և բանակցություններ սկսեց… Բալիանը երրորդ անգամ գնաց Սալահ ադ Դինի մոտ։ Սահմանվեց փրկագին նրանց համար, ովքեր կարող էին այն վճարել, իսկ մնացած ողջ գույքը` շարժական թե այլ, նրանք կարող էին վերցնել իրենց հետ, և ոչ ոք նրանց չէր արգելի։ Երբ ամեն ինչ կարգավորվեց, Սալահ ադ Դինը ժամանակ տվեց գույքը վաճառելու և գրավ դնելու համար, որպեսզի փրկագինը վճարվի։ Ժամանակ տրվեց 50 օր, և նա, ով դրանից հետո կմնա քաղաքում, կպատկանի Սալահ ադ Դինին ամբողջ ունեցվածքով։ Սալահ ադ Դինը խոստացավ, որ երբ քրիստոնյաները քաղաքից դուրս գան, ապա նա կհրամայի նրանց ապահով հասցնել քրիստոնյա երկիր…

Երբ ամեն ինչ այդպես որոշվեց, Բալիանը հրաժեշտ տվեց Սալահ ադ Դինին և վերադարձավ քաղաք…Բոլորը հավաքվեցին, և Բալիանը պատմեց նրանց, ինչ որ եղել էր: Նրանք հավանություն տվեցին նրա գործողություններին, քանի որ նա չէր կարող ավելի լավ վարվել։ Այնժամ Սալահ ադ Դինին ուղարկեցին քաղաքի բանալիները, և նա, ստանալով դրանք, մեծապես հրճվեց։

Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մահմեդական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»: Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան։ Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը` Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»: Կիլիկիայի հայ իշխան Լևոն Բ որոշում է օգտվել այդ առիթից և օգնության դիմաց Ֆրիդրիխից ցանկանում է թագ ստանալ։ Չնայած Ֆրիդրիխը խեղդվում է Կիլիկիայի գետերից մեկն անցնելու ժամանակ, այդ փաստը չի խանգարում Լևոնին 1198 թ-ի հունվարի 6-ին թագադրվել Կիլիկիայի թագավոր: 1190 թ. Ֆրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը ետ է վերադառնում։ Մյուս մասը Ֆրիդրիխի որդի` Ֆրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոք, որտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին։ Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղին` գնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին։ Այստեղ 1191 թ. մեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը։ Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն։ Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից։ Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Ակրա քաղաքը։ 1191 թ. Ակրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ ետ է վերադառնում։ Խաչակիրները շարժվում են հարավ։ Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին։ Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը ետ կվերադառնա: Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան։ Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։

Ռիչարդը մտադրվել էր ետ վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք։ Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-ն գերի է վերցնում նրան։ Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից։

Խաչակրաց չորրորդ արշավանք

Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Ահա հատված Հռոմի Պապի ուղերձից.

Անհավատների ձեռքից Սուրբ Հողն ազատագրելու ցանկությամբ բոցավառված…մենք սահմանափակում ենք…, որ այս հունիսից հաշված մեկ տարվա ընթացքում…բոլոր նրանք, ովքեր կձեռնարկեն նավարկել ծովից այն կողմ, հավաքվեն Սիցիլիայի թագավորությունում…այդ ժամանակ մենք էլ…նախատեսում ենք ժամանել այնտեղ անձամբ, որպեսզի քրիստոնյա զորքը մեր խորհրդով և օգնությամբ տեղավորվի և արշավի…

Մենք ցանկանում և հրամայում ենք…, որ բոլոր նրանք, ովքեր իրենք անձամբ չեն ժամանել Սուրբ Հողին օգնության, համապատասխան քանակությամբ զինվորներ տրամադրեն և իրենց վրա վերցնեն երեք տարվա համար անհրաժեշտ ծախսերը, յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում… Մենք սահմանեցինք…, որ բոլոր հոգևորականները … երեք տարվա ընթացքում Սուրբ Հողին որպես օգնություն տրամադրեն եկեղեցու եկամուտների քսաներորդ մասը… Մենք խաչակիրներին հատուկ արտոնություններ ենք տալիս արշավանքի մեկնելու պահից։ Նրանք ազատվում են բոլոր տեսակի հարկերից և պարտավորություններից։ Նրանց անձը և գույքը… երանելի Պետրոսի և մեր հովանավորության տակ են…

Քանի որ այդպիսի ձեռնարկի համար հատկապես անհրաժեշտ է, որ իշխանները և քրիստոնյա ժողովուրդները խաղաղության պահպանեն, ապա մենք տիեզերական սրբազան ժողովի դրդմամբ սահմանեցինք, որ առնվազն չորս տարվա ընթացքում համընդհանուր խաղաղություն պահպանվի ողջ երկրագնդի վրա:

Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար: Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ: Այս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը։