Рубрика: ճամփորդություններ

Ռազմամարզական ճամբար. Արատես

Առաջին օրը մինչ կհասնեինք Արատես կանգ առանք Շատին գյուղի դպրոցում, որտեղ ջերմ ընդունելության արժանացանք տեղի սովորողների կողմից։ Փոքրիկ էքսկուրսիա անցկացրեցինք դպրոցով, որից հետո նրանց ուղեկցությամբ ուղևորվեցինք Շատիվանք։ Ճիշտ է՝ ճանապարհը երկար և հոգնեցուցիչ էր, բայց բնության գեղեցկությունը մեզ ստիպում էր շարունակել ճանապարհը և հասնել նպատակակետին։

Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4 կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է սբ. Սիոն: Վանքն իր անունը ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին`ջուղայեցի հարուստ վաճառականների նախաձեռնությամբ:

Արդեն ամբողջությամբ թրջված և հոգնած շարժվեցինք դեպի Արատես։ Հասնելուն պես տեղավորվեցինք տնակներում, ճաշեցինք, որից հետո հետաքրքիր քննարկում ունեցանք հրամանատարի հետ։

Երկրորդ օրն առավոտյան ուղևորվեցինք դեպի «Արշակունի» ռազմաբազա։ Բաժանվեցինք ջոկատների և սկսեցինք մեր ռազմական գործողությունները: Ծանոթացանք տարբեր զինվորական գործիքների հետ և սովորեցինք դրանցից ճիշտ օգտվել։ Երեկոյան ընթրիքից հետո սկսվեց գիշերային հերթապահությունը՝ 2 ժամը մեկ հերթափոխով։ Այն իրենից ներկայացնում էր հետևյալը՝ մենք պետք է զենքերով հսկեինք տնակի տարածքը:

Արդեն երրորդ օրը կրկին պետք է վերադառնայինք Արատես, սակայն մինչ վերադարձը մենք կատարեցինք առավոտյան նախավարժանքը, նախաճաշեցինք, զբաղվեցինք տարածքի մաքրությամբ, որից հետո ճանապարհ ընկանք։ Արատեսում ուսուցողական պարապմունք ունեցանք Զարկ հիմնադրամի հետ։ Օրն ավարտեցինք խարույկի շուրջ՝ Տիար Բլեյանի և Վահան Յայլոյանի հետ հետաքրքիր զրուրց վարելով։

Վերջին՝ չորրորդ օրը, նախավարժանքից և նախաճաշից հետո սկսեցինք կարգի բերել սենյակները և մաքրել տարածքը, քանի որ ժամանակն էր Երևան վերադառնալու։ Այսպիսով՝ ունեցա չորս հրաշալի, ուսուցողական և հետաքրքիր օրեր, որոնք ինձ մեծ բավականություն պարգևեցին։

Рубрика: ճամփորդություններ

ԱՐԱՏԵՍ

Առաջին անգամ էի մասնակցելու Արատեսի ռազմամարզական ճամբարին,ուստի անհամբեր էի և հետաքրքրությամբ լցված։Վերջապես եկավ սպասված օրը։Մենք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ,մասնակցեցինք ժամերգությանը,որից հետո ավտոբուսներով ճանապարհ ընկանք։Մինչ Արատես հասնելը մենք այցելեցինք Ստեփանյանների գինու գաստրոբակ։Միջավայրը շատ հաճելի էր։Այնտեղ տեսանք հնեցված գինիների շարան։Մի քանի լուսանկարներ արեցինք և շարունակեցինք ճանապարհը։

Դեպի Արատես տանող ճանապարհը ուղղակի հիասքանչ էր։Վերջապես ժամանեցինք Արատես։Քանի որ նախատեսված ժամանակից ուշ էինք հասել, օրը կազմակերպեցինք ինքներս։Առաջին քայլը,որ արեցինք տարածքի ուսումնասիրումն էր։Շրջելով տարածքով չէինք կարող անտարբեր անցնել շրջապատող գեղեցկության նկատմամբ և չնկարել այդ ամենը։

Մինչ ընթրիքը պատրաստ կլիներ մենք ջոկատների բաժանվեցինք և տարբեր խաղեր խաղացինք։Օրն ավարտվեց խարույկի շուրջ երգելով, զրուցելով և խաղեր խաղալով,ամենակարևորը տաք և ուրախ միջավայրում։

Հաջորդ օրն առավոտյան մենք արդեն պատրաստ էինք ընկեր Միքայելի հետ անցկացվող մարզանքին։Մարզանքից հետո նախաճաշեցինք և մի քիչ հանգստացանք։Շուտով ԱԻՆ-ի աշխատակիցների հետ ունեցանք հետաքրքիր քննարկում ,արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու վերաբերյալ։Որոշ ժամանակ անց քայլարշավով գնացինք Արատեսի գետ:Ճանապարհը փոքր-ինչ դժվար էր,բայց հաղթահարեցինք այն և ականատես եղանք գեղեցիկ տեսարանի։

Այստեղից էլ ուղևորվեցինք Արատեսի վանք։ Միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Վանքն ուսումնասիրելուց և լուսանկարելուց հետո հետ վերադարձանք,քանի որ արդեն հոգնել էինք։Երբ հասանք Արատես հանգստացանք,ընթրեցինք, խաղեր խաղացինք և կրկին խարույկ վառեցինք։Ինչպես տեսնում եք մեր օրը ավարտվում է խարույկի շուրջ,քանի որ դժվար էր դիմակայել ցրտին։Ունեցանք հետաքրքիր և արկածներով լի օր։

Վերջին առավոտն էր Արատեսում։Արթնացանք,նախաճաշեցինք և պատրաստվեցինք Երևան վերադառնալուն։Մինչ վերադառնալը զբաղվեցինք սենյակների մաքրությամբ։Երբ արդեն բոլորս պատրաստ էինք ճանապարհ ընկանք։

Մինչ Երևան հասնելը կանգ առանք Եղեգիսի Զորաց եկեղեցում։Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Վերջին կանգառը եղավ Արենիի քարանձավը։ Այն Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ Այստեղ առաջին անգամ էի լինում, և բավականին հետաքրքիր վայր էր։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին՝ առաջին գինեգործարանը։2011 թ-ին՝ մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Այստեղից էլ ուղևորվեցինք դեպի Երևան։ Ունեցա ամենահիշարժան 3 օրը Արատեսում և մեծ տպավորություններով վերադարձա տուն։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Վիկտորիային, ընկեր Ազնիվին, ընկեր Արինային և ընկեր Միքայելին այս հետաքրքիր, ուրախ և արկածներով լի ճամփորդության համար։Անհամբեր կսպասեմ մյուս ճամփորդությանը։

Рубрика: ճամփորդություններ

Անկախության օրը Հավուց Թառի բարձունքում

Այս տարի Հայաստանի անկախության 30-րդ տարելիցն էր և այդ կապակցությամբ մենք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներս, որոշել էինք օրն անցկացնել բարձունքներ հաղթահարելով։ Ընկեր Վիկտորիայի և ընկեր Ռուզաննայի ուղեկցությամբ մենք հաղթահարելու էինք Հավուց Թառի բարձունքը։ Մինչ Հավուց Թառ բարձրանալը մենք կանգ առանք «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանի մոտ, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով, որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք, այդ պատճառով էլ կոչվել է «Բազալտե երգեհոն»։ «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում: Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

Այս գեղեցկությամբ հիանալով և լուսանկարվելով էլ շարունակեցինք մեր փոքր-ինչ դժվար ուղին։ Վանքին հասնելու համար պետք էր անցնել նեղ արահետով, որին հատուկ գեղեցկություն և խորհրդավորություն էին հաղորդում ճանապարհին հանդիպող խաչքարերը: Ճանապարհը քարքարոտ էր և արկածներով լի։ Բայց եթե ճանապարհ ես ընկնում քեզ հաճելի մարդկանց հետ այդ ամենը հաղթահարելի է լինում։ Երկարատև քայլքից հետո վերջապես հասանք Հավուց Թառ վանական համալիր։

Բլրի գագաթից, որի վրա գտնվում է վանքը, բացվում է Գառնու հեթանոսական տաճարի և հարակից լեռների ցնցող տեսարան: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Ավերվել է 1840 թ.-ի երկրաշարժի ժամանակ։

Հաջորդ կանգառը եղավ «Չարենցի կամար» հուշարձանը։Այն գտնվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, 1500 մետր բարձրության վրա։ Այնտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Այնտեղ նույնպես լուսանկարվեցինք և ուրախ տրամադրությամբ վերադարձանք Երևան։

Рубрика: Մուտք ճամբար, ճամփորդություններ

Սեպտեմբերի 1

Այս տարվա սեպտեմբերի 1-ը տարբերվող էր ինձ համար։Առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդություն Եկեղեցու բակում Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սաները բոլորն ուրախ էին և սպասումով լցված,քանի որ պատրաստվում էին ուղևորվել Հայաստանի տարբեր վայրերով։Ես որոշել էի միանալ Էրեբունի թանգարան և Վարդավառի լիճ այցելող խմբին։Երբ բոլորն արդեն իրենց տեղերում էին ու պատրաստ ընկեր Հասմիկի և ընկեր Նունեի ուղեկցությամբ շարժվեցինք դեպի մեր առաջին այցելության վայր՝Վարդավառի լիճ։

Տպավորություններս հետաքրքիր էին, քանի որ առաջին անգամ էի լինում տվյալ տարածքում։ Գիտեմ, որ լիճը կառուցվել է մ.թ.ա. 8-րդ դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։Օրը անշուշտ հիշարժան էր և որպես լավագույն հուշ թիմով մի քանի լուսանկար ունեցանք։ Շրջեցինք լճի ամբողջ երկայնքով, մի փոքր զրուցեցինք և այնտեղից էլ շարժվեցինք դեպի Էրեբունի թանգարան։

Թանգարանում ունեցած տպավորություններս լրիվ այլ էին։ Ականատեսն էինք մի մեծ պատմամթակութային կյանքի։ Այսպիսով ՝ ամփոփելով կասեմ, որ ունեցա հագեցած, հիանալի և գիտելիքների մեծ պաշար ձեռք բերած օր։