Рубрика: Ուսումնական պլան

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹԸ

Շաբաթվա սկիզբը սկսել ենք շատ հետաքրքիր թեմայի շուրջ բանավիճելով՝ «Կյանքը՝ վիրտուալ ցուցամոլություն»: Բանավեճի շրջանակներում քննարկեցինք, թե ի՞նչ է տալիս համացանցը մեզ կամ ի՞նչ է խլում մեզանից, որո՞նք են համացանցի օգտակար և վնասակար կողմերը և այլն։ Բանավեճից մենք շատ ենթադրություններ արեցինք՝ կապված համացանցում առկա ցուցամոլության հետ. երբ մարդիկ օգտվում են համացանցից, պարզապես ցույց տալու համար՝ ինչ սրճարաններ, խանութներ և հանգստի վայրեր են այցելում։ Կասեմ, որ բանավեճը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ։

Բանավեճից հետո համագործակցային նախագիծ ունեցանք Նունե Այդինյանի հետ, որտեղ աշակերտները ներկայացնում էին, թե Ամանորը ինչպես են նշում տարբեր երկրներում։ Ինձ համար նախագիծը բավականին հետաքրքիր էր։ Օրն ավարտեցինք ընկեր Հասմիկի հետ՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղան» պատմվածքը ընթերցելով և քննարկելով։ Պատմությունը պանդոկում գտնվող անծանոթի մասին էր, ով, լսելով ինքնասպանություն գործած տղայի մասին, ասել էր, որ գիտի իր պատմությունը։ Նա պնդում էր, որ տղան իրականում ծեր մարդ է ծնվել և տարիների ընթացքում երիտասարդացել։ Նա աշխատում էր որպես ծեր մարդ և հարստանում, որպեսզի հանգստանա երիտասարդ տարիքում: Հետո նա երեխա է դառնում, և մարդիկ նրան սկսում են լուրջ չվերաբերվել։ Այսպիսով՝ նա ինքն իրեն սպանում է։ Կարծում եմ՝ նման կյանքը հիանալի չէր լինի։ Մենք երբեք չէինք կարողանա ընկերներ կամ նույնիսկ մանկություն ունենալ: Ամենայն հավանականությամբ թափառաշրջիկը այդ պատմությունը հորինել էր , որպեսզի պանդոկում սկսվի բուռն քննարկում , և նա կարողանա առանց գումարը վճարելու հեռանա այնտեղից։

Հունվարյան ճամբարի նախագծերից էր նաև սահադաշտ այցելելը։ Սառույցի վրա, այն էլ չմուշկներով, ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում, քանի որ միշտ երազել եմ գեղասահքի գնալ։ Դե ինչ, եկավ սպասված օրը։ Բոլորս ոգևորված սահում էինք, միաժամանակ փորձելով չընկնել, սակայն դա մի փոքր անխուսափելի էր։ Բոլորս ուրախ տրամադրությամբ և լիքը էմոցիաներով վերադարձանք տուն։

Ունեցել ենք նաև «Ստեղծագործ պատանի» համագործակցային նախագիծ Սոֆյա Այվազյանի հետ։ Նախագիծը իրենից ներկայացնում էր հետաևյալը՝ պետք է ընթերցեինք և փորձեինք կռահել տվյալ ստեղծագործությունների հեղինակներին, ճանաչեինք, թե ինչ թեմաների շուրջ են գրում դեռահասները ։ Պետք է նշեմ, որ հեղինակները կրթահամալիրի աշակերտներն էին։ Այսպիսով՝ ունեցանք շատ բովանդակալից և ուսուցողական շաբաթ։

Оставьте комментарий